«Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին մեղադրյալ Նաիրի Բադալյանն անցած տարի հայցադիմում էր ներկայացրել դատարան` պահանջելով փոխհատուցել «27-ի» գործի նախաքննության ժամանակ իր կրած վնասները, որոնք գնահատել էր ավելի քան 10 միլիոն դոլար:
Հայցն ուղղված էր ՀՀ նախագահի, Գլխավոր Դատախազության, Զինվորական դատախազության և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դեմ, որտեղ խոշտանգել էին նրան: Անցած տարի այս հայցը, անցնելով բոլոր ատյաններով, մերժվել էր: Նաիրի Բադալյանը մեկնել էր ԱՄՆ, որտեղ ապրում է արդեն մոտ 8 տարի, և դիմել էր Եվրոպական դատարան, որտեղից մայիսի 3-ին ստացել էր հավաստիացում, որ «Նաիրի Բադալյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» բողոքն ընդունվել է վարույթ: Սակայն նա ամռանը տեղեկացել էր, որ իր բացակայության պայմաններում Հայաստանում վերսկսել են քաղաքացիական գործի վարույթը: Կենտրոն, Նորք-Մարաշ դատարանը` Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, հենվելով Սահմանադրական դատարանի`օրենքի նոր մեկնաբանության վրա, որոշում է կայացրել քննությունը վերսկսել և օգոստոսի 12-ին գործով նիստ է նշանակել: Պարզվում է`ՍԴ-ն, բավարարելով Արամ Սարգսյանի և Կարապետ Ռուբինյանի դիմումը, Քրդատօր.-ի 35 հոդվածի 2-րդ մասը (Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ` արարքի մեջ հանցակազմ չկա) ճանաչել է հակասահմանադրական, ինչը հնարավորություն է տվել Նաիրի Բադալյանի գործը վերսկսելու: Սակայն Բադալյանն այլ բացատրություն ունի կատարվածին. նա վստահ է, որ Հայաստանը նահանջել է, քանի որ իր դիմումը ԵԴ-ն ընդունել է: Երբ տվյալ պետությունում վերսկսվում է քննությունը, ԵԴ-ն սովորաբար կասեցնում է վարույթը: Ն. Բադալյանը երեկ թերթի հետ զրույցում նշել է, որ պատրաստվում է նամակ ուղարկել դատարան, որտեղ խնդրելու է գործը քննել իր բացակայությամբ: Նա այլևս ակնկալիքներ չունի Հայաստանից և անհամբեր է, թե երբ է ԵԴ-ն քննելու իր գործը: