Home / Հայաստան / ՀԱԿ-ը պետք է դասեր քաղի ութօրյա հանրահավաքների շարքից. ընդդիմադիր

ՀԱԿ-ը պետք է դասեր քաղի ութօրյա հանրահավաքների շարքից. ընդդիմադիր

Ընդդիմությունը մի բան հստակ գիտի`հասարակությունը մեծ մասամբ`70-80 տոկոսը, վարչախմբից դժգոհ է: Հիմա խնդիրն այն է, որ ընդդիմությունը կարողանա լեզու գտնել այդ զանգվածի հետ, որպեսզի այդ դժգոհների գոնե կեսը գա հրապարակ, «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է  ՀԱԿ-ի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մեկեյանը:

Թերթի թղթակցի այն հարցին, թե որն էր շուրջօրյա հանրահավաքների արդյունքը, Մակեյանը պատասխանել է. «Կարողացանք մեր ռեսուրսը փորձարկել: Կարծում եմ`Կոնգրեսը պիտի մտածի անժամկետ շուրջօրյա նստացույցեր և հանրահավաքներ նախաձեռնել `փորձելով դասեր քաղել անցած 8 օրվա գործընթացից: Հակառակ պարագայում, եթե բանը հասնի հերթական ընտրություններին, ապա մեր գործը`նկատի ունեմ և´ Կոնգրեսի , և´ հասարակության, շատ ավելի բարդ կլինի: Չմոռանանք, որ այսօր մի կողմում վարչախումբն է`իր բուրգով, մյուս կողմում`մեր ժողովրդի 80 տոկոսը, և կապ չունի , թե այդ մեծամասնությունը Կոնգրե՞սը, թե՞ մի այլ ուժ կառաջնորդի`չնայած, որ այս պահին Կոնգրեսն է ավանգարդում, և առաջիկայում չեմ էլ տեսնում տեսնում որևէ այլ ուժի, որ կարող է խաղի մեջ մտնել»,-նշել է «Ժողովրդավարական հայրենիքի» նախագահը:

Լրագրողի այն դիտարկմանը , թե շատերի գնահատմամբ, ՀԱԿ-ի շուրջօրյա նախաձեռնությունը, ըստ էության, այս մի փուլում տապալվել է, Մակեյանն ասել է.

«Դա բավական խիստ գնահատական է: Ես կարծում եմ, որ այն լուրջ վերլուծության տեղիք տվեց, և եթե Կոնգրեսը կարողանա դրանից դասեր քաղել, ապա առաջիկայում էլ, կարծում եմ, ՀԱԿ-ին այլընտրանք չենք ունենա: Այսօրվա դրությամբ, գարնանային մարդաշատ հանրահավաքներից հետո, մենք խնդիր ունենք և պետք է հասկանանք`այդ խնդիրը մե՞ր, հասարակությա՞ն, թե՞ իշխանության զոռբայության մեջ է: Բոլոր դեպքերում վերլուծության պետք է կատարվի: Կարծում եմ`սրանով աշխարհը չի վերջանում, պրոցեսներ են ընթանում, և միևնույն է`այլընտրանք չկա. բոլոր ռեժիմները վերջ ունեն, և հայաստանյան ռեժիմը ևս բացառություն չէ»: