Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են բնակարաններում և գրասենյակներում կողոպուտներ իրականացնող և մոսկովյան բանկոմատներ գողացող հանցավոր խմբավորման անդամներին: Նրանց թվում են եղել նախկինում դատապարտված ազգությամբ վրացիներ և հայեր, հաղորդում է «ՌԻԱ նովոստի»:
Խմբավորման անդամները բաժանվում էին երկու խմբի: Երկուսը կոտրում էին բնակարանի մուտքի դռան փականը, գողանում էին փողերն ու թանկարժեք իրերը, իսկ մյուսներն այդ ընթացքում մնում էին փողոցում, և ամեն մեկն իր թաքստոցից հետևում էր դեպի շքամուտք տանող ճանապարհը: Խմբավորման առաջնորդը կողոպուտի իրականացման պահին նույնպես գտնվում էր տան մոտակայքում` մեքենայում, և ռադիոընդունիչ սարքով վերահսկում էր գործողությունների ընթացքը:
Իսկ գողացված բանկոմատները բեռնում էին մեքենաներն ու տանում նախապես վարձակալած ավտոտնակներ կամ պահեստներ, որտեղ բացում և կիսում էին գումարները: Ինչպես հաղորդում է գործակալությունը, եթե չէր հաջողվում ապամոնտաժել բանկոմատը, ապա այն տեղում բացում էին սկավառակային սղոցի միջոցով: