2009 թվականի փետրվարի 3-ին իր տան մուտքի մոտ դիմահար կրակոցից սպանված ՀՀ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի ընտանիքը նախօրեին շմոլ գազի թունավորմամբ հոսպիտալացվել էր: Սակայն Պետրոս Մհերյանը` Գևորգի հայրը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ իրենք ոչ մի հոտ չեն զգացել. «Հարսս առավոտից գլխացավեր ուներ: Էդ օրն էլ տղաս կնոջս ձեն տվեց`«Վե´ր կաց, մա´մ, Կարինեն լավ չի», կինս վեր կացավ, ու տղես ընկավ միանգամից, ուշքն անցավ: Հետո ես վեր կացա տեղիցս, մինչև հասա տղիս, կինս ընկավ, ես էլ հենց էդտեղ ընկել եմ ու չեմ հիշում: Հետո տղես, որ ուշքի էր եկել, մի կերպ հարսիս խելքի է բերել, հասցրել է պատուհանը բացել ու ինքն է ա ուշաթափվել: Բայց որ մաքուր օդից մի քիչ խելքիա եկել. բոլորիս ուշքիա բերել: Դրա առաջին օրը նույն պատմությունն էր, ժամը 4-ին սենց էլի փիս ենք դառնում, սկորի ենք կանչում, գալիս ա 2 բրիգադ, ու ոչ մեկը հոտ չեն առնում: Մենք էլ աթար չենք վառում, գազի , շմոլ գազի հոտն էլ գիտենք: Միանշանակ ասեմ`հոտ չկար»,-վստահեցրել է սպանված փոխոստիկանապետի հայրը:
Ընտանիքի հայրը նշել է նաև, որ իրավապահներին հայտնել է տեղի ունեցածի մասին, ներկայացրել է գազի աշխատակիցների պատասխանները, որոնք հաստատել են, որ շմոլ գազի արտահոսք չկա, ինչը կասկածներ է հարուցում ընտանիքի անդամների մոտ:
«Եթե չկա գազի արտահոսք ու եթե կա`կինս ժամը 9-ին լողացել ա, մինչև գիշերվա 4-ը պահպանվա՞վ այդ գազը: Ես մի հինգ անգամ դուրս եմ եկել, ներս, ու ժամը 4-ին մենք թունավորվո՞ւմ ենք: Իմ համար մի քիչ տարօրինակ է, բայց առայժմ ինչ-որ վերսիաների հետ չեմ կապում», – իր եզրակացություններն է հայտնել Պետրոս Մհերյանը:
Թերթը նշում է, որ մինչ այս դեպքերը հարցազրույց էր անցկացրել Պետրոս Մհերյանի հետ, որի ընթացքում նա հայտնել էր, որ որդու մահվան չբավահայտված հանգամանքների վերաբերյալ շատ բան ունին ասելու:
«Ժողովուրդ»-ի թղթակցի այն հարցին, արդյոք երբևիցե որևէ ձևով սպառնալիքներ ստացել է, նա պատասխանել է, «Չէ´, տենց չեմ ստացել, բայց եղել է մի թեթև խոսակցություն`ոչ թե ուղղակի, այլ անուղղակի…կա տենց մի տերմին «խղճալով» կարելի է ասել` «դե դեպք ա, պատահել ա, դու քո ընտանիքով մխիթարվի» և այլն: Դրա մեջ ես տեսել եմ սպառնալիք, որովհետև ասողն էն մարդն է, որ կարա շատ սիրուն ձևերով ասի»:
Գևոր Մհերյանի հայրը հայտնել է նաև, որ երկու անգամ իր տղայի գործով հանդիպել է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ, և հիմա էլ սպասում է հանդիպման, սակայն ՀՔԾ-ում գտնվող թղթերը տանում են փակուղի. «Ինքն էլ շատ լավ գիտի, որ 2 տարվա մեջ ոչինչ չի կատարվել, էն դեպքում, որ ամեն թուղթը կարդալուց հետո ես գործը 90 տոկոսով ինձ համար բացել եմ», – ասել է Մհերյանը: