ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում 2011թ. ՀՀ նախագահի կրթական պարգևների արժանացած ուսանողներին և աշակերտներին, ովքեր երկրի ղեկավարից ստացել են տարբեր անվանակարգերում իրենց շնորհված պարգևները: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Վկայականների հետ միասին հաղթողներն ստացել են ՏՏ ոլորտը խորհրդանշող հատուկ կրթական հուշախորհրդանիշ-արձանիկներ: Պարգևատրված 38 երիտասարդներից 23-ը տարբեր բուհերի ուսանողներ են, 15-ը` ավագ դպրոցի աշակերտներ, որոնց ընտրել է ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի պարգևի կազմկոմիտեն՝ 195 թեկնածուներից:
ՀԱղթողներին ուղղված իր խոսքում Սերժ Սարգսյանն անդրադարձ է կատարել երեկ կայացած Եվրո-2012-ի Իռլանդիա-Հայաստան հանդիպմանը:
«Երեկ բոլորս` ազգովին, ամենայն ուշադրությամբ հետևում էինք և երկրպագում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղին: Եվ այդ սևեռումը, ազգային համախմբումը և զարթոնքը ամենաթանկ ձեռբերումն էր` անկախ այդ խաղի արդյունքներից: Իսկ թե ինչու արդյունքներն այդպիսին եղան, հիմա չեմ ցանկանում գնահատական տալ, բայց կարող եմ ասել, որ մեր տղաները փայլուն են խաղում: Նրանք ապացուցեցին, որ աշխատասիրությունը, հետևողականությունը, ստեղծագործական մոտեցումները միշտ էլ արդյունավետ են, միշտ էլ երաշխավորում են հաջողություն և հաղթանակ:
Երեկ Դուբլինում մարզադաշտ դուրս եկած մեր մարզիկները հիմնականում վերջերս են բոլորել իրենց 20 տարին: Նրանք ձեր, սիրելի՛ մրցանակակիրներ, հասակակիցներն են: Երկու-երեք տարի առաջ ոչ մեկ երազել անգամ չէր կարող մեր ֆուտբոլիստների նման հաջողության մասին: Բայց ինչպես մեր ժողովուրդն է ասում` տաշած քարը գետնին չի՛ մնա: Իսկ քարը երբեք այդպես հեշտությամբ չի տաշվում. քար տաշելը պահանջում է համբերություն, քրտնաջան աշխատանք, հետևողականություն և նպատակասլացություն», – ասել է Սերժ Սարգսյանը: