«Հերմեկ» ՍՊԸ-ի 43 պարտատերեր դիմում են ներկայացրել Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, որով տեղեկացնում են, որ ոտնահարվել են իրենց` որպես սեփականատեր իրավունքները: Սույն հարցում պարտատերերը հայցում են վերոնշյալ անձանց աջակցությունը, որպեսզի վերականգնվի արդարությունը և արդյունավետ պաշտպանվեն իրենց իրավունքները: Իրենց դիմումը նրանք տրամադրել են Epress.am-ին:
«Մեր և «Հերմեկ» ՍՊԸ-ի միջև առանձին-առանձին կնքվել են կառուցող բնակելի համալիրում բնակելի մակերեսի առք ու վաճառքի նախնական պայմանագրեր:
Համաձայն պայմանգրերի «Հերմեկ» ՍՊԸ-ի (տնօրեն Տիգրան Մուշեղյան) պարտավորվում էր 2007 թ. ընթացքում մեզ հանձներ ք.Երևանի, Արամի փողոցի 82 և 84 հասցեներում տեղաբաշխված հողատարածքների վրա կառուցվող բնակելի համալիրի համապատասխան բնակարանները և ավտոկայանման տեղերը: Պայմանագրերով նախատեսված ժամանակացույցերին համապատասխան մենք պարտաճանաչ կերպով ժամանակին կատարել ենք սահմանված վճարումները սակայն «Հերմեկ»ՍՊԸ-ն պայմանագրային իր պարտավորությունները խախտել է և մինչ այժմ նշված բնակարանները չի հանձնել մեր սեփականությանը: Հետագայում պարզվել է, որ «Հերմեկ» ՍՊԸ-ի ամբողջ շենքը` բացառությամբ 1-ին և 2-րդ հարկի, մեզանից գաղտնի Տիգրան Մուշեղյանը գրավադրել է «ՎՏԲ-Հայաստան» բանկում, այն դեպքում, երբ ահամձայն մեր հետ կնքած պայմանգրերի, ընկերությունը պարտավորվել է ապահովել պայմանագրի կողմ չհանդիսացող որևէ երրորդ անձի նկատմամբ պայմանագրի առարկա հանդիսացող բնակարանների հետ կապված պարտավորությունների լուծումն իր հաշվին` լիարժեք կրելով դրա պատասխանատվությունը և թւոյլ չտալով հետագա գնորդների շահերի ոտնահարում: Ընկերության սնանկության պատճառները չեն կարող կապվել տնտեսական ճգնաժամի հետ, քանի որ սկսվել են ավելի վաղ և ակնհայտորեն կապված են ընկերության միակ հիմնադիր տնօրեն Տիգրան Մուշեղյանի ապօրինի գործողությունների հետ, որի մասին է վկայում նաև շենքի առաջին երկու հարկերի ակնհայտ ցածր գնով վաճառքն իր մտերիմներից մեկին: Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի նիստերի ընթացքում պարզվել է, որ այդ մտերիմը` Ալեքսանդր Աբրամյանն է, որն իբր տոկոսով փող է տվել Տիգրան Մուշեղյանին (490 միլիոն դրամ) և դրա տեղը սեփականացրել է մեր շենքի առաջին և երկրորդ հարկը, իր կնոջ` Անահիտ Կոստանյանի անունով, ընդ որում` այդ գումարը յուրացնելու համար: Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը` լսելով առաջին և երկրորդ հարկի գործարքը, արդարացիորեն որոշում կայացրեց, որ 490 միլիոն դրամի դիմաց Ալեքսանդր Աբրամյանին համարել առաջին և երկրորդ հարկի 1600 ք.մ.-ի միայն 500 ք. մ.-ի սեփականատեր: Իսկ 1100 ք.մ-ն թողնել շենքի տնօրինմանը, որը մեծ նշանակություն կունենար առողջացման ծրագիրը կազմելուն: Դատարանի վճիռը չգոհացրեց վաշխառությամբ զբաղվող Աբրամյանին և նա դիմեց Վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ոտնահարելով 80 ընտանիքների արդարացի պահանջը` լինել սեփական բնակարանի սեփականատեր, բեկանեց առաջին ատյանի դատարանի վճիռը: Նշենք, որ այս շենքում կան նաև սփյուռքահայեր. ի՞նչ կմտածեն նրանք մեր իրավական համակարգի վերաբերյալ»,- ասված է «Հերմեկ» ՍՊԸ-ի պարտատերերի դիմումում: