Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա քաղխորհրդի նիստում քննարկվել է Հայ Ազգային Կոնգրեսի անցկացրած ութօրյա շուրջօրյա հանրահավաքների ընթացքը և տարածքային կառույցների ու կուսակցությունների կատարած աշխատանքը:
Այս մասին նիստից հետո Epress.am-ի հետ զրույցում ասել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Նա նշել է, որ քաղխորհրդի անդամները քննարկել են նաև շուրջօրյա հանրահավաքների հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակը և հոկտեմբերի 28-ի հանրահավաքին ժողովրդին ներկայացվելիք անելիքների ծրագիրը:
Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպես ՀԱԿ համակարգողը կմեկնաբանի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի շուրջ առաջացած իշխանության ներկայացուցիչների արձագանքները, Զուրաբյանն ասել է.
«Իրենց կարծիքը այլևս մեզ չի հետաքրքրում: Մենք նրանց հետ Սերժ Սարգսյանի հրաժարական չէինք քննարկելու: Մենք պատրաստ էինք քննարկել անցումը դեպի ժողովրդավարություն և նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամկետները և պայմանները: Սերժ Սարգսյանի հրաժարականն այլևս քննարկման առարկա չէ և չի կարող լինել: Դա ժողովրդի, հասարակության ճնշման և պահանջի հետևանքով պետք է կատարվի: Այնտեղ մենք ոչ քննարկելու, ոչ բանակցելու հարց չունենք»:
ՀԱԿ համակարգողն ասել է նաև, որ Կոնգրեսին անդամակից կուսակցությունների գերակշիռ մասը շատ դրական են գնահատում շուրջօրյա հանրահավաքը:
«Նրանք ընգծում են, որ դրանով ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ, հզորացել են Հայ Ազգային Կոնգրեսի դիրքերը, ընդլայնվել համակիրների բազան, ինչպես նաև ավելի պարզ դարձրել և’ Կոնգրեսի ունեցած ռեսուրսները այս պայքարում, և’ իշխանության կողմից իշխանության խոչընդոտման ռեսուրսները, ինչը թույլ կտա ավելի ճշգրիտ հաշվարկել հետագա քայլերը», – հավելել է Լևոն Զուրաբյանը: