ՀԺԿ կուսակցության վարչության քարտուղար, Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը հոկտեմբերի 28-ին բոլորին հրավիրում է հանրահավաք և հայտարարում, որ տեղերը սահմանափակ են:
«Կարող եմ հրավիրատոմսեր տալ: Ասում եմ` տեղերը սահմանափակ են, բայց մի 20 հազար մարդու համար նախատեսված, դե որ հանգիստ կանգնենք»,- այսօր կայացած մամուլի ասուսիլիսն ասել է նա:
Ասուլիսի մեկ այլ մասնակից` ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն անդրադարձել է իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը և նկատել, որ ընդդիմությունն իր որոշումները և օրակարգը շատ հաճախ է փոխում:
«Ձեր առաջարկով սկսվեց, հետո դուք դադարեցրիք, հետո նորից էիք ուզում սկսել, բայց էլի չգնացիք երկխոսության, շատ ներողություն՝ մուկն ու կատու չենք խաղում»,- ասել է նա:
Պետրոսյանը հայտարարել է, որ Կոնգրեսն ուզում է գնա, ուզում է ՝ ոչ, երկխոսությունը կայանալու է:
«Ընդդիմությունն ու իշխանությունները այլ ելք չունեն, ուրիշ որևէ ճանապարհ չունեն, բացի երկխոսությունից: Բայց ասեմ, որ եթե այսօր էլ վերսկսվի այդ երկխոսությունը, այն որևէ արդյունքի հասնել չի կարող, որովհետև հինգ ամիս հետո ընտրություններ են տեղի ունենալու: Եվ իմ առաջարկը և խորհուրդը կլինի այն, որ նախապատրաստվեք ընտրությունների»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը ու խորհուրդ տվել Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու դեպքում պահանջել նաև խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որովհետև «իշխանությունն ու խորհրդարանը նույն թիմն են»:
«Եթե դուք իրարից չեք զանազանում, որ նախագահն ու խորհրդարանը նույնն են, պետք է հասկանաք: Խորհրդարանը նախագահինն է»,- հայտարարել է Պետրոսյանը: