Երևանի Կենտրոնի ոստիկանության հետաքննիչ Թազայանն այսօր այցելել է Հայ Ազգային Կոնգրես և բացատրություններ վերցրել Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներից` կապված այս տարվա սեպտեմբերի 28-ին Հանրապետության հրապարակում նրանց վրա կատարած հարձակման հետ:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Կոնգրեսի ակտիվիստ Սարգիս Գևորգյանը:
Հիշեցնենք, որ այդ օրը Կոնգրեսի երիտասարդները քաղաքացիներին իրազեկում էին սեպտեմբերի 30-ի հանրահավաքի մասին, երբ Հանրապետության հրապարակում նրանց վրա են հարձակվել մի խումբ երիտասարդներ, ովքեր հարվածել ու քաշքշել են երիտասարդներին: Դրանից հետո հարձակվողները ակտիվիստներից խլել էին թռուցիկները և, լցնելով հրապարակի շատրվանների մեջ, փախել էին: Այդ օրը երիտասարդները հաղորդում են ներկայացրել ոստիկանություն հանցագործության մասին, և ոստիկանությունը, արձագանքելով հաղորդմանը, սկսել է նյութեր նախապատրաստել:
«Հուսով ենք, որ հետամուտ կլինեն, գոնե այս գործով կգտնեն, ու գոնե ինչ-որ սիմվոլիկ կերպով հարձակվողներին պատժի կենթարկեն», – ասել է Սարգիս Գևորգյանը: