Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում անցկացված Իռլանդիա-Հայաստան խաղի մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսի մասին տվյալներն այսօր կրկին վերախմբագրվել են Վիքիպեդիա էլեկտրոնային հանրագիտարանի անգլիական էջում:
Նոր խմբագրված տարբերակում վերացվել են Գոնսալեսի մահվան մասին տեղեկությունները: Հիշեցնենք, որ երեկ էլեկտրոնային հանրագիտարանում նշվում էր, որ իսպանացի մրցավարը ծնվել է 1967 թվականի փետրվարի 20-ին Իսպանիայում և մահացել 2011 թվականի հոկտեմբերի 11-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում:
Հանրագիտարանից հեռացվել է նաև այն պնդումը, թե «տխրահռչակ Գոնսալեսի սխալ որոշումների պատճառով Եվրո-2012-ի ընտրական փուլում հայերը զրկվել են փլեյ-օֆում խաղալու հնարավորությունից», փոխարենն ասվում է, որ Հայաստանի հավաքականի դարպասապահին ձեռքով խաղի համար հեռացնելու մասին մրցավարի որոշումը քննադատության է ենթարկվել որոշ լրագրողների կողմից, որոնք հավատացած են, որ նրա որոշումը հայերին զրկեց Եվրո-2012-ի ուղեգրի համար պայքարը շարունակելու հնարավորությունից: