«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը համախմբում է ազատ մտածող և լիբերալ արժեքներով առաջնորդվող, ժողովրդավարական գործելաոճ ընդունող մարդկանց, որոնք փորձելու են իրենց ուժերի ներածի չափով աշխատել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
«Մեր անվանումը լիովին համապատասխանում է մեր գաղափարախոսությանը»,- նշել է քաղաքական գործիչը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կուսակցությունն իր առջև իշխանափոխության նպատակ է դնում, Արզումանյանը նշել է, որ որպես անհատ ինքն իշխանափոխության անհրաժեշտություն է տեսնում 1998 թվականից, երբ «իշխանությունը զավթեց Ռոբերտ Քոչարյանը, իսկ դրանից հետո` Սերժ Սարգսյանը»:
«Ի՞նչ ասել է իշխանափոխություն. դա ինքնանպատակ չէ: Եղել է իշխանափոխություն` Ռոբերտ Քոչարյանին փոխարինել է Սերժ Սարգսյանը, դրանից մեր երկրի վիճակը, մեր կյանքը բարելավվե՞լ է, ոչ: Անհրաժեշտ է ոչ միայն իշխանափոխություն, այլ նաև ամբողջ համակարգի փոփոխություն, և «Ազատ դեմոկրատների» խնդիրը լինելու է այն, որ ոչ միայն ազատ ընտրությունների միջոցով ձևավորվի իշխանություն, այլ նաև համակարգն ամբողջությամբ փոխվի, որ հնարավորություն չտրվի որևէ մեկին գալ, բազմել էդ աթոռին և բեսպրեդել հռչակել: Այդ տեսակետից մենք քննարկում ենք, և առաջիկայում ավելի լայն քննարկում կսկսվի, որպեսզի անցնենք, հավանաբար, խորհրդարանական կառավարման համակարգին, որովհետև, մեր կարծիքով, փորձը ցույց է տալիս, որ նախագահական ինստիտուտը Հայաստանում վերածվում է ավտորիտարիզմի և ավտորիտար նկրտումներ է առաջացնում: Կարծում ենք, որ խորհրդարանի դերի բարձրացման և խորհրդարանական կառավարման միջոցով կկարողանանք սահմանափակել այդ նկրտումները: Եվ, այո, այսօր Հայաստանում պետք է օրինական իշխանություն և ժողովրդի կողմից քվե ստացած իշխանություն, որը կկարողանա փոփոխություններ իրականացնել», – ասել է Ալեքսանդր Արզումանյանը:
Անդրադառնալով կուսակցության ձևավորմանը` նա նշել է, որ «Ազատ դեմոկրատները» բացում են շրջանային, մարզային կառույցներ, անդամագրմամբ են զբաղվում:
«Արդեն 3000-ին է մոտենում անդամների թիվը, և 10 մարզերում կան կառույցներ: Բոլոր մարզերում ներկայացված է կուսակցությունը, երիտասարդական կառույց ունի, հանդիպումներ են լինում, ծրագրերը մշակման պրոցեսում են: Պատրաստ լինելու դեպքում` շուտով կներկայացվի հանրության դատին: Բայց մենք շտապելու տեղ էլ չունենք, անհրաժեշտ էր այդ կուսակցաշինությունը կատարել: Մենք բոլորս էլ փորձված մարդիկ ենք, գիտենք` ինչպես ձևավորել այդ կառույցները, և ուզում ենք հանդես գալ նոր ծրագրերով: Մենք շատ նոր մոտեցումներ ենք ուզում առաջարկել տնտեսական ոլորտում և այլն: Մենք հանդիպում ենք տարբեր հասարակական, քաղաքացիական կառույցների հետ, իրենց կարծիքներն ենք լսում, մենք առաջարկում ենք լինել այն գործիքը, որով քաղաքացիական հասարակությունը այդ հարցերը կարող է բարձրացնել քաղաքական մակարդակի: Վստահ եղեք, որ շատ շուտով կլինեն կոնկրետ միջոցառումներ, քննարկումներ», – նշել է Արզումանյանը:
Նրա խոսքով` կուսակցությունն ունի համակիրներ, կան նվիրյալ մարդիկ, որոնք օգնում են, կան մարդիկ, որոնք նվիրատվություններ են անում առօրյա ծախսերը հոգալու համար (Ալեքսանդր Արզումանյանն անուններ չի նշել):
«Բայց մեծ գումարներ մենք չենք պատկերացնում, ոչ էլ ունենք լրատվամիջոցներ` ի տարբերություն այլ կուսակցությունների: Այլ հարց է, որ նախընտրական շրջանում ինչ-որ ֆինանսներ են պետք, որն ըստ օրենսդրության է, պետք է լինի թափանցիկ, և մենք մեր հաշիվները կներկայացնենք: Ինտելեկտն է մեր ռեսուրսը և մեր համախոհների կարողությունները, դրանով, մենք կարծում ենք, շատ մեծ հաջողությունների կհասնենք: Մի մոռացեք, որ լիբերալ գաղափարախոսությունը կրող մարդիկ ենք, այսինքն` մի շարք միջին գործարարներ, որոնց բիզնեսն այս հարկային բեռի տակ վտանգված է, այդ մարդկանց մեջ կան հազարավոր համակիրներ, որոնք կուզենային բարեփոխումներ տեսնել և այդ դաշտի լիբերալիզացիա տեսնել: Այդ միջին բիզնեսի տերերը շահագրգռված են առողջ ուժերի տեսնելու, բարեփոխումներ տեսնելու, և, այո, շատ շատերը նրանցից արդեն իսկ դիմել են մեզ և ասել, որ պատրաստ են իրենց աջակցությունն այս կամ այն ձևով ցուցաբերել», – նշել է «Ազատ դեմոկրատների» անդամը: