Home / Հայաստան / «Ժառանգությունը» պահանջում է հավասար մրցակցային պայմաններ տաքսիների համար

«Ժառանգությունը» պահանջում է հավասար մրցակցային պայմաններ տաքսիների համար

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, որը երեկ «Զվարթնոց» օդանավակայանում հանդիպել  է բողոքի ակցիա իրականացնող տաքսու վարորդների հետ, «Առավոտ» օրաթերթին փոխանցել է, որ պատրաստվում է նամակ գրել կապի և տրանսպորտի նախարարին, որ քննարկում կազմակերպվի բոլոր տաքսի ծառայություն մատուցողների հետ օդանավակայանում արհեստականորեն ստեղծված անհավասար պայմանները հաղթահարելու համար:

«Եթե մտահոգությունը ուղևորի անվտանգ և բարձրակարգ փոխադրումն է, ապա պետք է հնարավորություն ընձեռել այդ խնդիրը լուծել բոլորի համար: Այսինքն` այն մեքենաները, որոնք ունեն համապատասխան չափանիշներ և լիցենզիա`կարողանան անարգել ծառայություն մատուցել: Արհեստական սահմանափակումներն  անընդունելի են: Մենք հենց հիմա գործ ունենք հենց այս դեպքի հետ, երբ խախտվում է ազատ մրցակցության իրավունքը», – ասել է «Ժառանգության» պատգամավորը:

Առավոտը նշում է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր տերմինալի շահագործումից ի վեր, բացի օդանավակայանի կողմից  արտոնագրված երկու տաքսի ծառայությունների`«Aero» և «Taxi Tur» մեքենաներից, այլ տաքսիների կայանումն արգելվել է, ինչի առնչությամբ արդեն երկու օր է անհատ տաքսիստներ լոկալ բողոքի ակցիա են անցկացնում`օդանավակայանի ղեկվարությունից պահանջելով հավասար պայմանների ապահովում: