ՀՀ նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը խորին հարգանք է տածում 8 օրվա ընթացքում Ազատության հրապարակում եղած բոլոր մարդկանց նկատմամբ, սակայն նա այդպես էլ չի հասկացել, թե որոնք էին ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքների նպատակները: Այս մասին Հայ Ազգային Կոնգրեսի նախկին անդամ Արզումանյանն ասել է Epress.am-ի հետ զրույցում:
«Դա քաղաքական ուժի ակցիա էր, որը եթե ասում էր, որ պետք է համախմբի օպոզիցիոն դաշտում գործող կուսակցություններին, կառույցներին, ապա պետք էր ուրեմն նախապես քննարկումներ կազմակերպել, և այդ կառույցները պետք է որոշման մաս լինեին: Լևոն Տեր-Պետրոսյանն այս տարվա մարտի 1-ի հանրահավաքին հռչակեց, որ հրապարակն այլևս քաղաքացիական ֆորում է, որտեղ բոլորը որոշումներ են կայացնում, բայց այդպես չեղավ: Հարգելով այնտեղ հավաքված մարդկանց նպատակը և պահանջը` ես, այնուամենայնիվ, չէի պատկերացնում, թե ինչ է ուզում Կոնգրեսը, որն էր այդ շուրջօրյա հանրահավաքների նպատակը, պահանջը: Որովհետև այդքան էլ հասկանալի չէր, քանի որ ցանկացած պահանջից հետո ասվում էր, որ մենք մաքսիմալիստ չենք, և հնարավոր է գնալ փոխզիջումների: Դա ինձ համար մի քիչ անհասկանալի է», – ասել է Արզումանյանը:
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ այն հռետորաբանությունը, որը հնչում էր Ազատության հրապարակում, բավական մերժողական էր:
«Այսինքն` համախմբման կոչեր արվում էին մի կողմից, իսկ մյուս կողմից ասվում էր` ով այստեղ չի, դավաճան է, ով այստեղ չի, վախկոտ է: Ինձ թվում է` նման հռետորաբանությունը խանգարեց քաղաքական դաշտում ավելի լայն ընդգրկում ունենալուն: Սա շատ լուրջ ներքին հակասություն է, երբ մի կողմից ձեռք է մեկնվում, ասվում է` եկեք, իսկ երբ մարդ գալիս է, ասում են` եկել է PR ակցիա անելու և ժողովրդի ֆոնին նկարվելու: Դա ինձ համար մի քիչ ընդունելի ձև չէ: Հարցը չպիտի դրվի ի սկզբանե այնպես, որ կգաք, կմիանաք Կոնգրեսին: Սա միայն Կոնգրեսի հարցը չէ, սա բոլոր ընդդիմադիր ուժերի խնդիրն է, և այստեղ պետք է քննարկել, հանդիպել, առաջարկել լուծումներ, և, գուցե, այդ լուծումները գտնվեն: Բայց ասել, որ ես եմ անում` եկեք, միացեք, մի քիչ ճիշտ չէ», – նշել է Արզումանյանը:
Քաղաքական գործիչը նշել է, որ ՀԱԿ-ից իրեն հրավիրել են հոկտեմբերի 8-ին` շաբաթ օրը, մասնակցել ցերեկվա ժամերին Ազատության հրապարակում անցկացվող քաղաքացիական ֆորումին: Այդ օրն Արզումանյանը նախապես ծրագրված հանդիպում է ունեցել, և ստիպված է եղել մերժել: ՀԱԿ-ից առաջարկել են մասնակցել հաջորդ ֆորումին, եթե հանրահավաքների շարքը շարունակվի, և նա տվել է իր համաձայնությունը, սակայն, ինչպես հայտնի է, հանրահավաքների շարքն ավարտվել է:
Արզումանյանի խոսքով` ինքը 2010 թվականի հուլիսից դուրս է եկել ՀՀՇ-ից և դրանով իսկ նաև ՀԱԿ-ից, այնուամենայնիվ, շարունակել է ակտիվ մասնակցել տարբեր գործողությունների:
«Ես ոչ մի դատախազության պիկետ բաց չեմ թողել, ամեն ուրբաթ (պիկետներն անցկացվում էին քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով – խմբ.) մենք եղել ենք այնտեղ, ՀԱԿ-ի բոլոր հանրահավաքներին էլ մասնակցել ենք, մանավանդ, հաշվի առնելով, որ նոր ալիք սկսվեց, և այս տարվա մարտի մեկի հանրահավաքը բավական բազմամարդ էր և շատ-շատ սպասելիքներ ուներ ժողովուրդը: Դրանից հետո սկսվեց մի գործընթաց` երկխոսության գործընթացը, որի մասին ես գնահատական տվել եմ. իմ խորին համոզմամբ, ցանկացած հարց ավելի ճիշտ է լուծել երկխոսությամբ, այլ ոչ թե առճակատման միջոցով: Բայց ես նաև նշել էի, որ այդ երկխոսությունը պետք է ուղորդվեր հնարավորինս լայն մոբիլիզացիայով, և նաև օպոզիցիոն դաշտի համախմբմամբ: Ցավոք սրտի, դա չզուգորդեց երկխոսությանը, այլ երկխոսության ընթացքում դադար տրվեց հանրահավաքներին, ուղղակի մեկ-երկու հանրահավաք էր արվում, և որևէ փորձ չարվեց համախմբելու ընդդիմադիր դաշտը, ինչը, ինձ թվում է, տակտիկական տեսանկյունից այդքան էլ ճիշտ չէր», – ասել է Epress.am-ի զրուցակիցը:
Արզումանյանի կարծիքով` երկխոսությունից շահեց միայն իշխանությունը:
«Կարծում եմ, որ ԵԽԽՎ վերջին բանաձևը` մարտի մեկի էջը փակված համարելու մասով, արգասիք էր այդ երկխոսության: Այսինքն` մենք տվեցինք նրանց այդ հնարավորությունը` միջազգային հանրության առջև որպես ժողովրդավար իշխանություն ներկայանալու, որոնք նստել են երկխոսության, որոնք ոչ մի քաղբանտարկյալ այլևս չունեն և այլն», – ասել է Արզումանյանը: