Ադրբեջանի կեղծավոր ողբը Լեռնային Ղարաբաղի դեմ իր սանձազերծած ագրեսիայի հետևանքների վերաբերյալ նորություն չէ: Նորություն է լացակումած ագրեսիվությունից Ադրբեջանի ղեկավարության անցումն ագրեսիվ լացակումածությանը: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` Regnum-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները Հայաստանի և Արցախի ռազմական հզորությամբ իրենց մտահոգվածության վերաբերյալ:
«Սա օրինաչափ է, քանի որ Բաքուն պետք է բացատրություններ տա սեփական ժողովրդին, թե ուր են գնացել բոլոր ամբիոններից անընդհատ թմբկահարվող միլիարդները , որոնք իբր ուղղվում էին բանակի զինմանը, և թե ինչու բանակցություններում ուժային շանտաժի քաղաքականությունը տապալվեց: Օրինաչափ է նաև այն, որ անհեռատեսորեն բոլորին, ամեն ինչ և ամենուրեք քննադատող Ադրբեջանի ժառանգական ռեժիմն այժմ գտնվում է փակուղում՝ դեմ առ դեմ սեփական ժողովրդի առջև«, – Քոչարյանի խոսքերն է փոխանցում ԱԳՆ լրատվական ծառայությունը: