«Բանակն առանց կասկածելի ինքնասպանությունների խումբ» անունը կրող նորաստեղծ նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում պահանջում է Սեյրան Օհանյանի հրաժարականը և կոչ անում բոլոր առողջ երիտասարդական ուժերին միավորվել այդ հարցում:
«Մենք` բանակում դեռևս չծառայած երիտասարդներս, միավորվելով «Բանակն առանց կասկածելի ինքնասպանությունների» խմբում, խիստ մտահոգված ենք բանակում գրեթե ամեն օր տեղի ունեցող զինվորների մահվան դեպքերով, որոնք ավանդականորեն ներկայացվում են իբրև ինքնասպանություն:
Դրանք տեղի են ունենում այն պատճառով, որ պաշտպանության նախարարությունը չի կարողանում տիրապետել զորամասերում տիրող վիճակին: Դրանից բացի, զինվորների հարազատները չունեն բանակի վերահսկողության որևէ հնարավորություն, ինչպես դա ընդունված է այլ երկրներում, օրինակ` Վրաստանում:
Բանակի իրավիճակը պաշտոնապես վերահսկող կազմակերպությունները հանցավոր գեներալիտետի կամակատարն են և անգամ ձեռք են տալիս նրանց` մեր եղբայրների արյան հաշվին հարստանալու իմաստով:
Եվ այդ ամենը տեղի է ունենում պաշտպանույան նախարարի գիտությամբ և անմիջական հովանավորությամբ: Ելնելով դրանից, մենք պահանջում ենք Սեյրան Օհանյանի անհապաղ հրաժարականը:
Դրանից բացի, մենք կոչ ենք անում բոլոր առողջ երիտասարդական ուժերին միանալ մեզ այդ պահանջում և հրապարակավ հայտնել իրենց կարծիքը», – ասված է կազմակերպություն կոչի մեջ: