Հոկտեմբերի 11-ին Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Իռլանդիա-Հայաստան հանդիպման մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսը քննադատության է արժանացել իր հայրենիքում, գրում է soccer.ru-ն:
Խոսքն այն դրվագի մասին է, երբ հանդիպման առաջին խաղակեսում` 0:0 հաշվի ժամանակ, մրցավարը չնկատեց իռլանդացի հարձակվող Սայմոն Կոքսի ձեռքով խաղը, և փոխարենը անհիմն կարմիր քարտ ցույց տվեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն:
Իսպանական մամուլը տեղի ունեցածի հիմնական մեղավոր է համարում գլխավոր մրցավարի օգնականին, ով պետք է օգներ Գոնսալեսին ճիշտ կողմնորոշվել այդ դրվագում, քանի որ գլխավոր մրցավարը նախքան որոշում կայացնելը խորհրդակցել էր օգնականի հետ:
Այդուհանդերձ, երեք անգամ «Բարսելոնայի» և «Ռեալի» հանդիպումները դատած փորձառու մրցավարը կոպտագույն սխալ է թույլ տվել: Հայ երկրպագուները, որոնք դժգոհ լինելու բոլոր հիմքերն ունեն, դեռ երկար ժամանակ կհոլովեն նրա անունը, նշում են իսպանական թերթերը: