Home / Հայաստան / «Արևորդի». լուսանկարների մրցույթի հաղթողների անուններն արդեն հայտնի են

«Արևորդի». լուսանկարների մրցույթի հաղթողների անուններն արդեն հայտնի են

Երևանի կենդանաբանական այգու 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Արևորդի» փառատոնը հոկտեմբերի 17-ից 21-ը Երևան քաղաքի պատմության թանգարանում կազմակերպում է լուսանկարների ցուցահանդես, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ այսօր` հոկտեմբերի 17-ին:

Ինչպես ասված է փառատոնի կազմակերպիչների մամուլի հաղորդագրության մեջ, ցուցահանդեսին ներկայացվող լուսանկարները պայմանականորեն բաժանված են 2 մասի` հին և նոր: Հին լուսանկարների բաժնում ներկայացված են այգու արխիվում պահպանված և այցելուների կողմից տրամադրված լուսանկարների մի մասը: Դրանք ներկայացնում են այգին, նրա առօրյան և աշխատողներին:

Հին լուսնկարների կողքին ներկայացված են նաև նախապես հայտարարված «Կենդանաբանական այգու կենդանիների լուսանկարների մրցույթ»-ին մասնակցած լուսանկարների լավագույն նմուշները:

Այսօր հրապարակվել են նաև լավագույն սիրողական և պրոֆեսիոնալ լուսանկարների հեղինակների անունները: Պրոֆեսիոնալ լուսանկարների մրցույթում հաղթող են ճանաչվել հետևյալ լուսանկարիչների աշխատանքները` Սարգիս Վիրաբյան (1-ին կարգի մրցանակ, կապիկի լուսանկարը վերևում), Վահե Հակոբյան (2-րդ կարգի մրցանակ), Պարգև Էջուրյան (3-րդ կարգի մրցանակ): Սիրողական լուսանկարների մրցույթում հաղթող են ճանաչվել հետևյալ լուսանկարիչների աշխատանքները` Արման Կարախանյան (1-ին կարգի մրցանակ, նյութի գլխավոր լուսանկարը), Քրիստինա Հարությունովա (2-րդ կարգի մրցանակ), Պարգև Էջուրյան (3-րդ կարգի մրցանակ): Հաղթողները արժանացան նաև դրամական պարգևների. համապատասխանաբար 100, 50 և 25 հազարական դրամ:

Մրցույթի հաղթողներին որոշել է անկախ ժյուրին, սակայն այցելուները ևս իրենց կարծիքն արտահայտելու հնարավորություն կունենան. ցուցահանդեսի բոլոր օրերին այցելուները տեղում կարող են քվեարկել իրենց նախընտրած լուսանկարի օգտին: Ցուսահանդեսից հետո կազմակերպիչները կհայտարարեն հաղթողի անունն ու այցելուների անունից մասնակցին խրախուսական մրցանակ կշնորհեն: