Home / Հայաստան / «Գավառտրանսին» պարտադրել են իջեցնել դեպի Երևան ուղևորափոխադրումների գինը

«Գավառտրանսին» պարտադրել են իջեցնել դեպի Երևան ուղևորափոխադրումների գինը

Երևան-Գավառ-Երևան երթուղով ուղևորափոխադրում իրականացնող «Գավառտրանս» ընկերությունը, լիցենզիաների տրամադրման մրցույթում նշված երթուղու ուղետոմսի համար առաջարկել է 500 դրամ արժեք, շահել է մրցույթը, սակայն, փաստացի ուղևորափոխադրումներ է իրականացրել 1000 դրամով: Այս մասին հաղորդում է Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտանության պետական հանձնաժողովը:

Հանձնաժողովը, ուսումնասիրելով նշված երթուղու գործունեությունը, պարզել է, որ «Գավառտրանս» ընկերությունը սպասարկում է ընդհանուր առմամբ 3 երթուղի՝  Երևան-Գավառ-Երևան (համար 303), Երևան-գ.Սարուխան-Երևան (hամար 313) և Գավառ-Երևան-Գավառ (համար 326): Ընդ որում, ընկերությունը պարտավորվել է 313 և 326 համարի երթուղիները սպասարկել 1000, իսկ Երևան-Գավառ-Երևան ուղղությունը՝ 500 դրամով, որն էլ ըստ էության հանդիսանում է բոլոր 3 երթուղիներից հիմնականը:

«Սակայն, փաստացի «Գավառտրանսը» միտումնավոր կերպով չի կատարել իր պարտավորությունները, ինչի արդյունքում էլ Երևանից Գավառ մեկնողները ստիպված են եղել վճարել կրկնակի ավել գումար՝ 500-ի փոխարեն 1000 դրամ», – ասված է Հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Հանձնաժողովի դիտարկմամբ, «Գավառտրանսը» ունի գերիշխող դիրք, քանի որ այն հանդիսանում է Գավառը և հարակից գյուղերը սպասարկող միակ երթուղին: Համաձայն Հանձնաժողովի, իր վարքագծով նա խոչընդոտել է առավել բարեխիղճ ընկերությունների մուտքը նշված շուկա, քանի որ մրցութային փաթեթում առաջարկել է անհամեմատ ցածր գին, ինչն էլ մրցույթը շահելու հիմնական պատճառներից մեկն է հանդիսացել:

Հանձնաժողովի որոշմամբ ընկերության  հանդեպ կիրառվել է 10 միլիոն դրամ տուգանք, ինչպես նաև «Գավառտրանսին» հանձնարարվել է հնգօրյա ժամկետում վերացնել խախտումը, Երևան-Գավառ-Երևան երթուղու ուղևորներից գանձել 500 դրամ, հակառակ դեպքում հրաժարվել լիցենզիայից՝ հնարավորություն տալով այլ տնտեսվարողների աշխատել բարեխիղճ և օրենքի դաշտում: