Home / Հայաստան / Բարաք Օբաման բարձր է գնահատում Սերժ Սարգսյանի վճռականությունը

Բարաք Օբաման բարձր է գնահատում Սերժ Սարգսյանի վճռականությունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Սարգսյանը շնորհավորել է դեսպան Հեֆերնին պաշտոնավարման կապակցությամբ և հույս հայտնել, որ դիվանագիտական ասպարեզում ունեցած իր փորձով նա կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների առավել խորացմանը:  Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների հետ մեր երկրի հարաբերությունները լուրջ խթան են տնտեսական զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ապահովման առումով:

 

«Մենք շնորհակալ ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին` մեզ համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող խնդիրներում հավասարակշիռ մոտեցման համար: Այսօր մենք մեր հարաբերությունները գնահատում ենք` աննախադեպ: Օգտվելով առիթից` ցանկանում եմ գնահատանքի խոսք ասել նախկին դեսպանի` տիկին Մարի Յովանովիչի կատարած լավ աշխատանքի համար», – ասել է Սարգսյանը:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար, իր հերթին, ընդգծելով ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունների ամրապնդման ու զարգացման կարևորությունը:

«Նախագահ Բարաք Օբաման հատկապես բարձր է գնահատում Ձեր վճռականությունը` տարածաշրջանային հարցերը լուծելու ուղղությամբ, և մենք հաստատակամ ենք` շարունակելու Ձեզ հետ աշխատել տարածաշրջանային խնդիրները լուծելու համար», – ասել է Ջոն Հեֆերնը: