Home / Հայաստան / Դանակահարություն չի եղել, պնդում է երևանյան դպրոցի տնօրենը

Դանակահարություն չի եղել, պնդում է երևանյան դպրոցի տնօրենը

Հոկտեմբերի 13-ին Երևանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 52 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների միջև քաշքշուկ է տեղի ունեցել: Ըստ շրջանառվող լուրերի` միջադեպի հետևանքով դանակի հարված է ստացել նույն դասարանի աշակերտ Յուրա Ղուլյանը, ով այժմ գտնվում է հիվանդանոցում:

Epress.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Նարինե Շառյանը չի ժխտել, որ միջադեպ իսկապես տեղի է ունեցել, սակայն ասել է, որ այն դանակահարություն կոչելն իր համար վիրավորական է:

«Պարզապես անզգուշություն է եղել: Երեխաները պատի թերթ սարքելիս օգտագործել են թուղթ կտրող այդ սարքը, երևի քաշքշել են իրար, և, հավանաբար, ինչ-որ թեթև բան է եղել: Չեք պատկերացնի, թե այդ բառն ինչքան վիրավորական է ինձ համար: Ես այս տարվա սեպտեմբերից աշխատում եմ այս դպրոցում և արդեն հասցրել եմ ճանաչել գրեթե բոլոր երեխաներին, ես հանդիպում, զրուցում եմ նրանց հետ»,- ասել է տնօրենը, որն, ի դեպ, միջադեպի ժամանակ դպրոցում չի եղել:

Ինչ վերաբերում է աշակերտի` հիվանդանոց տեղափոխվելուն, ապա, տիկին Շառյանի խոսքով, նա այդ դեպքով չէ, որ գտնվում է հիվանդանոցում

«Երեխան պարզապես շաքարային դիաբետ հիվանդությամբ է տառապում, ինչի համար էլ նրան պարբերաբար տանում են ստուգումների»,- նշել է մեր զրուցակիցը:

Ըստ տնօրենի` իրենց «թաղում» (դպրոցը գտնվում է Չարբախում) միտում կա դեպքերը չափազանցված ներկայացնելու:

«Դա բնորոշ է այս թաղին»,- ասել է տնօրենն ու նշել, որ չի ժխտում, որ նման լուրեր տարածելը կարող է միտված լինել իրեն վնասելուն:

«Ես գնալու եմ ԿԳՆ վարչություն, որպեսզի իրականությունը այնտեղ ներկայացվի», – նշել է Շառյանը:

Մուրացան փողոցի վրա գտնվող 4-րդ մանակական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կամսար Բաբինյանը հաստատել է, որ իրենց մոտ կա Յուրա Ղուլյան անունով հիվանդ:

«Այդ երեխան գտնվում է  շաքարային դիաբետի բաժանմունքում, նա ոչ մի դանակահարության հետևանքով չէ այստեղ»,- նշել է գլխավոր բժիշկը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացուցիչ Սևակ Միլիտոնյանը մեզ տեղեկացրել է, որ դանակահարությքան մասին ահազանգ իրենք չեն ստացել:

«Ես ճշտեցի այդ տարածքային բաժնից, սակայն նման ահազանգ չի եղել»,- Epress.am-ին ասել է Միլիտոսյանը: