«Զինուժ» հեռուստածրագրին տված հարցազրույցում պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանը, խոսելով վերջին շաբաթվա ընթացքում հայկական բանակում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպերի մասին, նշել է, որ պարզված են այդ արտակարգ պատահարների հանգամանքները, այժմ քննություն է գնում, որի ընթացքում կպարզվի յուրաքանչյուրի մեղավորության չափը: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ կայքը:
Իր խոսքի ընթացքում Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ որոշ խմբեր «բանակի նկատմամբ տեղին-անտեղին քննադատությունը դարձրել են առօրյա զբաղմունք».
«Ոնց կարող է ցավալ մարդու սիրտ մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից: Ոնց կարող է մարդու սիրտ ցավա, երբ նա մտածում է` ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատի: Այդ մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են անհայրենիք, անշնորհք, սեփական արժանապատվությունը չունեցող երևույթներ են: Նրանց մեջ մարդիկ կան, ովքեր բանակի կողքով անգամ չեն անցել: Քավ լիցի, մենք մեր արածի համար թողեք պատասխան տանք, ձեր չարածները, ձեր քաղաքական երազանքները բանակի հետ մի կապեք, բանակը երբեք չի եղել քաղաքականության մեջ, բանակը քաղաքականությունից դուրս է և թույլ չի տա, որ նման չարախոսություններով իրեն ներքաշեն քաղաքականության մեջ: Ու հաստատ իմացեք, վաղը, եթե հանկարծ ինչ-որ բան լինի, ոչ միայն խոր թիկունքում նրանց չենք գտնելու, այլև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այդ երևույթներին չենք կարողանալու գտնել: Մի քանի օր առաջ այդ խմբերից մեկի հայտարարությունն եմ կարդում թերթերում, որտեղ պահանջում են այս, այս, այս տեղեկությունները` կապված հազարավոր զինծառայողների հետ: Սիրելիներս, իսկ ձեր պատվիրատուները էլ ինչ հանձնարարություն են ձեզ տվել` իմանալու մեր բանակից, միգուցե ամբողջ ցանկը հրապարակեք և հետո ամենախայտաբղետ արտասահմանյան հիմնադրամների մոտ գնաք հերթ կանգնեք», – ասել է Գասպարյանը: