Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը առաջին հաղթանակը տարավ Եվրոպայի 2012 թ. պատանեկան առաջնության նախնական փուլում: Սերբիայում անցկացվող մինի-մրցաշարում մեր պատանիները 3:2 հաշվով պարտության մատնեցին Ուելսի ընտրանուն:
Հայաստանցիները հանդիպման ընթացքում փայլուն կամային հատկանիշներ ցուցադրեցին: Արդեն 29-րդ րոպեին մեր թիմը պարտվում էր 2:0 հաշվով:
Դեռևս առաջին խաղակեսի վերջին` 40-րդ րոպեին (մինչև 17 տարեկան ֆուտբոլիստնեի հանդիպումների տևողությունը 80 րոպե է), Մոսկվայի «Լոկոմոտիվում» հանդես եկող Էդգար Հարությունյանը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ հանդիպման 57-րդ րոպեին նա հավասարեցրեց հաշիվը:
Հայաստանի հավաքականը հաղթանակը կորզեց 2-րդ ավելացված րոպեին, երբ գոլի հեղինակ դարձավ Վարդան Բակալյանը:
Խմբի մյուս խաղում սերբերը 2:0 հաշվով պարտության մատնեցին լիտվացիներին: Հաջորդ խաղը մեր ընտրանին կանցկացնի վաղը Սերբիայի հավաքականի դեմ:
Վերջին խաղում` հոկտեմբերի 22-ին, Հայաստանի հավաքականը կմրցի Լիտվայի ընտրանու հետ: Նշենք, որ խմբից հաջորդ փուլ է դուրս գալիս 2 թիմ: