ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սամվել Մնացականյանի վերաքննիչ բողոքը` չվերացնելով վարչական դատարանի որոշումը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Դատավորը դիմել էր դատարան` վիճարկելով Արդարադատության խորհրդի կայացրած և այնուհետև Սերժ Սարգսյանի հաստատած որոշումը`իր լիազորությունները դադարեցնելու մասին: Մնացականյանը պահանջում է չեղյալ համարել այդ որոշումը, քանի որ այն ապօրինի է և չի կայացվել օրենքով սահմանված կարգով (ԱԽ 9 անդամներից միայն 7 անդամ է քվեարկել որոշմանը կողմ: Մինչդեռ օրենքը պահանջում է, որ որոշումը ստորագրեն ԱԽ բոլոր անդամները`անկախ կողմ կամ դեմ քվեարկելուց): Դատարանը դատավորի հայցը մերժել է`հիմնավորմամբ, որ Արդարադատության խորհրդի որոշումները դատական ակտեր են: ԱԽ-ն դատարան է, և նրա որոշումները բողոքարկման ենթակա չեն: Հիշեցնենք, որ Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցվեցին այն պատճառով, որ մի քրեական գործի շրջանակներում կալանքը փոխարինել էր գրավով և չէր պատճառաբանել այդ որոշումը: Պաշտոնազրկված դատավորի ներկայացուցիչը փաստաբան Արտակ Զեյնալյանն է, որը թերթի հետ զրույցում ասել է, որ իրենք նոր են ստացել դատարանի որոշումը և պատրաստվում են վճռաբեկ բողոք բերել, իսկ եթե այս ատյանն էլ չբավարարի հայցը, դիմելու են Մարդու Իրավունքների եվրոպական դատարան: