Հայաստանում անցկացված հետազոտության արդյունքների համաձայն, հարցվածների 18,6 տոկոսը «ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալը» համարում են «հիվանդություն», իսկ 55,3 տոկոսը նշում են, որ կդադարեն շփվել ծանոթի, ընկերոջ կամ բարեկամի հետ, եթե իմանան, որ նա ԼԳԲՏ անձ է:
ԼԳԲՏ համայնքի (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ներկայացուցիչներին վերաբերող համատեղ հետազոտությունն իրականացրել են «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն (PINK Armenia) և «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն ՀԿ-ն: Հարցումներին մասնակցել են 1156 մարդ Երևանից, Գյումրիից և Վանաձորից:
Հարցման արդյունքները երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են Մամիկոն Հովսեփյանը (PINK Armenia) և Արուս Հարությունյանը (Սոցիոսկոպ), ովքեր նշել են հետազոտության մասնակիցների ոչ պատշաճ տեղեկատվության մակարդակը և այն փաստը, որ հարցվածների՝ խնդրին առնչվող գիտելիքները «կարծրատիպային են և գիտական ոլորտից դուրս են»:
Հարցման մասնակիցների 37,2 տոկոսը նշել է, որ Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն «այդքան էլ շատ չեն», իսկ 33,6 տոկոսի կարծիքով «շատ են»: Վերջին պատասխանը հատկանշական էր Երևանում հարցվածներին (44,6): Նշենք, որ հարցվածների 2,4 տոկոսը ընդհանրապես չեն հավատում, որ Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ կան:
Ինչ վերաբերում է ԼԳԲՏ-ի համայնքի ներկայացուցիչների սեռերի հարաբերակցությանը, հարցվածներից շատերը`(49,5%) վստահ են, որ Հայաստանում ավելի շատ գեյեր կան, քան լեսբուհիներ, բացառությամբ Գյումրիի, որտեղ հարցվածները հակառակ կարծիքն ունեն: Նրանցից 49,4 %-ը կարծում է, որ մեր երկրում ավելի շատ են լեսբուհիները:
Հարկ է նշել, որ թեև հարցվածների 9,9%-ը հավատացած է, որ «ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալը» ժամանակակից պայմաններում համացանցով շփման արդյունք է, փաստացիորեն հարցվածների շատ ավելի մեծ տոկոս (53.6%) ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասին տեղեկություններ ստացել է հեռուստացույցից:
Համեմատության համար նշենք, որ հարցվածների ընդամենը 15%-ն է ինտերնետը վկայակոչել որպես ԼԳԲՏ համայնքի մասին տեղեկությունների աղբյուր:
Epress.am-ի հետ զրույցում PINK Armenia հ/կ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանը հայտնել է, որ իրականում ուրախ է նման արդյունքներ տեսնել:
«Ինձ դուր եկավ այս վերջին տոկոսային հարաբերակցությունը, այն կարող է օգտագործվել որպես փաստ այն դեպքերի համար, երբ մարդիկ ասում են, որ համացանցը փչացնում է մեր երիտասարդությանը: Իրականում պարզվում է, որ մարդկանց 53,6 տոկոսը տեղեկատվություն է ստանում ժամանցային և լրատվական հաղորդումներից, իսկ մենք գիտենք, որ այնտեղ մարդիկ ամբողջությամբ հոմոֆոբ են, այդ ծրագրերը ավելի պիտակավորում ու ծաղրի են ենթարկում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին: Մյուս կողմից, մարդկանց ընդամենը 15 %-ն է տեղեկավություն ստանում ինտերնետից, հետևաբար այն կարծրատիպը, որ ինտերնետը փչացնում է, ընդհանրապես կորում է», – ասել է նա:
Այն հարցին, թե հետագա ինչ ծրագրեր ունի կազմակերպությունը, Հովսեփյանը նշել է.
«Մենք հիմա ավելի շատ ուզում ենք փորձագիտական աշխատանք կատարել, այսինքն կոնկրետ փորձագետների հետ մշակենք ուղեցույց ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության համար:
Օրինակ` ինչպես աշխատել լրատվամիջոցների հետ, ինչ անել, ինչի վրա ուշադրություն դարձնել, ինչպես աշխատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, կամ կառավարական մակարդակով ինչ պետք է արվի: Հաջորդ տարվանից ցանկանում ենք այդ ուղեցույցների ուղղությամբ աշխատել», – նշել է Հովսեփյանը: