Վանում փրկարարները շարունակում են պայքարել մարդկանց կյանքերը փրկելու համար, սակայն աշխատանքի ընթացքում մեծաթիվ խնդիրների են հանդիպում: Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժը մի քնաի 100 մարդու կյանք է խլել, փլատակների տակ են մնացել հազարավոր մարդիկ:
Փրկարարները բողոքում են, որ ստիպված են աշխատել «պրիմիտիվ պայմաններում» առանց համապատասխան տեխնիկական հագեցվածության:
«Մենք պարզունակ գործիքներ ենք օգտագործում, հիմնականում սարքեր ու տեխնիկա չունենք», – փրկարարներից մեկն ասել է Hurriyet Daily News-ի լրագրողի հետ զրույցում:
Համաձայն Hurriyet-ի, փրկարարների շրջանում ոգին բավական ցածր է, նրանք չեն կարողանում բավականաչափ արագ փլատակների տակից մարդկանց հանել:
Այն տեխնիկան, որը կարող էր օգնել փրկարարներին, աշխատում է Վանին հարակից Էրսիչում, որն ամենաշատն է տուժել երկրաշարժից:
Այնուամենայնիվ, փրկարարները նշում են, որ Էրսիչում էլ տեխնիկայի լուրջ պակաս կա, այնտեղ գործում է ընդամենը մեկ սննդի բաժանման կետ, ինչը բավարար չէ:
Նշենք, որ ստորգետնյա ցնցումները Վանի շրջակայքում շարունակվել են այսօր ողջ օրվա ընթացքում: Մասնավորապես, քիչ առաջ՝ 20:31-ին, տեղի սեյսմիկ ծառայությունները 5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցում են գրանցել:
Լուսանկարը՝ AP