ՀՀ ԱԻ նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ անդրադարձ է կատարել Թուրքիայում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժի հնարավոր ազդեցությանը Հայաստանի ատոմային էլեկտրակայանի վրա:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 7,2 մագնիտուդով երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ, իսկ Հայկական ատոմային էլեկտրակայանի հեռավորությունն էպիկենտրոնային գոտուց կազմում է մոտ 160 կմ։ ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ։
«ՀԱԷԿ-ում երկրաշարժի ուժգնությունը եղել է 3 բալ, և ատոմակայանին որևէ վնաս չի եղել ու չէր կարող լինել, քանի որ այն հաշվարկված է առնվազն 9 բալ ուժգնության համար։ Ավելին` Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը ՀՀ տարածքում որևէ բնակավայրի, որևէ շենքի կամ շինության որևէ վնաս չի հասցրել», – նշվում է հաղորդագրության մեջ։
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը տեղեկացրել է նաև, որ 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժի մասին նույնիսկ ավելորդ է խոսել, իսկ Հայկական ատոմակայանը սեպտեմբերի 11-ից կանգնած է պլանային վերանորոգման աշխատանքների։