Հոկտեմբերի 12-21-ը Հայաստանում անցկացված մարդահամարի տվյալները կհրապարակվեն 2012 թվականի սեպտեմբերին վերջին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Վերջինս, ներկայացնելով մարդահամարի առաջին փուլի աշխատանքները, ասել է, որ մարդահամարի բուն հաշվառման գործառույթը տեղի է ունեցել 10 օրվա միջակայքում, որին մասնակցել են այդ նպատակով հավաքագրված ավելի քան 12 000 հաշվարարներ: Նրանց աշխատանքները վերահսկում էին և համակարգում էին հրահանգիչ-հսկիչները, յուրաքանչյուր 5 հաշվարարի աշխատանք համակարգվում էր մեկ հրահանգիչ-հսկիչի կողմից:
«Հոկտեմբերի 22-ից դաշտային բուն աշխատանքների ավարտից հետո սկսվեց վերահսկիչ միջոցառումների փուլը, դա նպատակ ունի հաշվառման գործընթացում տեղ գտած բացթողումները, թերացումները հնարավորինս նվազագույնի հասցնել՝ հաշվառման ամբողջականությունը ապահովելու համար:
Կանցկացվի վերահսկիչ ընտրանքային շրջագայություն, որի ժամանակ հաշվարարները հրահանգիչների հետ միաժամանակ պետք է այցելեն նախապես ընտրված բնակելի միավորներ, որպեսզի այնտեղ տեսնեն, թե հաշվառման ամբողջականությունը լիարժեքորեն ապահովված է արդյոք և կա՞ն բացթողումներ: Նրանք միաժամանակ կայցելեն այն բնակելի միավորները, որտեղ հաշվարարները մի քանի անգամ եղել են և հնարավոր չի եղել որևէ մեկին հանդիպել»,- ասել է Կույումջյանը:
Վերջինս նշել է, որ իրենք այս ընթացքում հաշվառելու են նաև ՔԿՀ-ներում, մանկատներում, ծերերի և հաշմադամների սոցիալական ծառայություններում գտնվող մարդկանց:
ՔԿՀ-ներում մարդահամարն իրականացնելու հարցում Ազգային վիճակագրական ծառայությունը հատուկ մարմինների հետ մշակել է ժամանակակարգ՝ այնտեղից այդ տվյալները ձեռք բերելու համար: Նշենք, որ հետմարդահամարային վերահսկիչ շրջագայության ժամկետը սահմանված է մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ: Եվ սույն թվականի հոկտեմբերի 27-31-ը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հայտարարությամբ կդիմի հանրապետության բոլոր բնակիչներին, որոնց մարդահամարի նպատակով հաշվարարներ չեն այցելել՝ խնդրանքով, որ մինչև այս ամսվա վերջ տեղեկացնեն իրենց ծառայության մարզային գործակալություններին կամ մարդահամարի վարչությանը հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 22-91-65, 010 22-91-49, 010 22-91-34, 010 22-91-37, 010 22-91-57: