Լիբիայի նոր իշխանությունները պաշտոնապես հայտարարել են Մուամար Քադաֆիի 42-ամյա միանձնյա կառավարման դարաշրջանի ավարտի մասին: Կիրակի Բենղազիում դրոշներով և պաստառներով մի քանի հազար մարդ հավաք են անցկացրել, որի ընթացքում հայտարարվել է, որ «ժամանակների փարավոնը» պատմության աղբանոցն է նետվել և երկիրը վերադառնում է ժողովրդավարության և հաշտեցման: Միաժամանակ Լիբիայի Անցումային խորհրդի նախագահ, Քադաֆիի օրոք արդարադատության նախարար Մուսթաֆա Աբդել Ջալիլը հայտարարել է, որ լիբիական օրենսդրության հիմքում ընկած կլինեն շարիաթի օրենքները:
Հիշեցնենք, որ Քադաֆին մահացել է հոկտեմբերի 20-ին: Նրա մահվան բոլոր հանգամանքները շարունակում են անհայտ մնալ, այս առնչությամբ կան բազմաթիվ իրարամերժ տեղեկություններ, իսկ նրա մարմինը դեռևս հողին չի հանձնվել:
Միաժամանակ համացանցում է հայտնվել Մուամար Քադաֆիի կտակը: Այն հրապարակվել է նախկին առաջնորդի Seven Days News կայքում: Այս փաստաթղթի պատճենը ստացել են նրա երեք հարազատները: Նրանցից մեկը շուտով սպանվել է, երկրորդը ձերբակալվել, իսկ երրորդին հաջողվել է փախչել:
Կտակում Քադաֆին խնդրում է իրեն թաղել Սիրտում մահմեդական ավանդույթների համաձայն իր ընտանիքի անդամների ու հարազատների կողքին, և պահանջում է, որպեսզի իր մահից հետո լիբիական ազգը պաշտպանի իր ընտանիքի անդամներին` հատկապես, կանանց և երեխաներին: Նա նաև կոչ է անում իր կողմնակիցներին «շարունակել դիմադրել և պայքարել արտասահմանյան ցանկացած ագրեսորի դեմ այսօր, վաղը և ընդմիշտ»:
Լուսանկարը` Reuters