Շաբաթ օրը կայացած «Փոքր Խորհուրդ» հասարակական-քաղաքական խմբի հերթական նիստում արվեստագետ, համադրող Նազարեթ Կարոյանը ներկայացրել է «Ինչ բան է քաղաքականությունը և ինչպես եմ ես դա անում» զեկույցը:
Խոսելով «քաղաքականություն» եզրի ծագման մասին` արվեստագետը նշել է, որ հունական «պոլիտիկա» բառը նշանակում էր մի բան, որ արվում է քաղաքում ու բոլոր քաղաքացիների կողմից. գյուղում քաղաքականություն չէր արվում:
Բառը նաև նշանակում է՝ բազմություններ, անգլերենում այն այժմ էլ օգտագործվում է հոգնակիով` politics: Այսինքն՝ բազմությունների կողմից, բազմությունների միջոցով իրականացվող կառավարում: Խորհրդային միությունում քաղաքականությամբ զբաղվելու իրավունքը մոնոպոլիզացված էր իշխող կուսակցության կողմից, անհատները և այլ կազմակերպությունները քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունեին:
«Խորհրդային կարգերի փլուզումից հետո բոլոր մարդիկ իրավունք ստացան անել քաղաքականություն ու անել առևտուր: Բուրժուական պատկերացումը քաղաքանության մասին նույնացնում է այդ երկուսը՝ իբր երկուսն էլ ունեն ներկայանալու, ինչ-որ կողմերը ուռճացնելու և մյուս կողմերը թաքցնելու խնդիր: Հենց այդպիսինն է հաստատված ներկայացուցչական, բուրժուական քաղաքականությունը, ի տարբերություն մասնակցայինի, որով աշխատում եմ զբաղվել ես, և որտեղ բոլոր իրերը ներկայանում են այնպես, ինչպես կան: Իշխող դիսկուրսն ասում է՝ մի քաղաքականացրեք, իսկ մենք ասում ենք՝ քաղաքականացրեք ամեն ինչ: Մեկը ձգտում է դեպի ներկայացուցչական քաղաքականություն, մյուսը՝ դեպի մասնակցային: Հունական պատկերացումներով դա համայնքի կառավարման արվեստն է, ուրեմն քաղաքականությունը հետաքրքրված է ամեն ինչով: Ինչպես ասել է Նիկոլա Մաքիավելին, ամեն բան չէ, որ քաղաքականություն է, բայց քաղաքականությունը հետաքրքրված է ամեն ինչով: Դրա համար էլ առաջանում են բնագավառային քաղաքականություններ /տնտեսական, մշակութային, արտաքին, գենդերային և այլն/:
Ըստ բուրժուական պատկերացումների, քաղաքականության նպատակը իշխանությունն է: Արիստոտելը, Պլատոնը տեսնում էին նպատակը՝ արժանի, բարոյական մարդու ձևավորում, իսկ ժամանակակից պատկերացմամբ՝ հասնել ընդհանուր բարօրությանը: Հույների ժամանակներում էլ կային բուրժուաներ, որոնք ձևավորում էին օլիգարխիաներ, որոնց հակազդում էին ընդհանուր բարօրության կողմնակիցները` դեմոկրատները: Մասնակցային, դեմոկրատական քաղաքանության գաղափարակիրների տեսակետից՝ հասարակական անտարբերությունն է, որ ծնում է չարիք: Ուրեմն, գաղափարական դիրքորոշումը ու քաղաքական գործունեությունը հիմնված են, առաջին հերթին, քննադատության վրա: Ես առաջ եմ քաշում իմ դիրքորոշումը, այն է՝ կոնստրուկտիվ քննադատություն: Կոնստրուկտիվը տվյալ դեպքում չի նշանակում որևէ զիջում բացասականին, իշխողին, այլ նշանակում է՝ արա ինքդ այն, ինչ հարկավոր է, ինչն արժեքային առումով հակառակն է եղածին: Օրինակ, արմատական քննադատություն՝ չկան զուգարաններ, ինչո՞ւ չկան զուգարաններ, կոնստրուկտիվ քննադատություն՝ բերել շարժական զուգարաններ: Կառուցողական կրիտիկայի դեպքում դիսկուրսը ու պրակտիկան իրար համընկնում են: Ստեղծել կառույցներ, գաղափարական պլատֆորմներ, որոնք դեռ չկան՝ սա է, իմ համոզմամբ, քաղաքականությունը: Սա չկա՝ ես արեցի, տեսեք: Այսպիսի քաղաքականությունը հիմնվում է մի իդեալի վրա, որն ինքնավարությունն է: Բազմաթիվ ավտոնոմիաներից կազմված հասարակությունը անկայուն է, թե տնտեսական, թե վարչական, թե մշակութային առումով, նա անընդհատ զարգանում է փոքր ու մեծ ճգնաժամների միջոցով: Դա թելադրում է, որ մարդու իգական սկիզբը պետք է հաստատվի հանրային կառավարման մեջ, ստեղծի անկայուն կայունություն, պահի ջերմություն:
Քաղաքական գործունեությունը՝ միաժամանկ և’ տնտեսություն է, և’ արվեստ է: Ինչպես քաղաքականությունը, ինչպես տնտեսությունը, այնպես էլ արվեստն իրար և իրենց արտադրող մեգապրակտիկաներ են: Մեր այս ֆորմատների (Փոքր Խորհուրդ, նստացույց, Մշակույթի հանձնաժողով) մեջ արտադրվող գիտելիքը համապատասխանում է իմ պատկերացումներին քաղաքականությամբ զբաղվելու մասին, ես այստեղ եմ, ու ես անելու եմ սա: Դա ես կանվանեի «առանց միկրոֆոնի քաղաքանություն», երբ քաղաքականությունը դառնում է համայնքներ ստեղծելու ու դրանց մեջ մասնակցելու կյանքով: Նման քաղքականության հիմնական մեթոդն է՝ կոնսենսուսի հասնելը համայնքներում, մենք գործ չունենք դրսի հետ, մեր քաղաքականությունը մասնակցային է, և ոչ թե ներկայացուցչական», – իր տեսանկյունը ներկայացրել է Նազարեթ Կարոյանը:
Տեքստը տրամադրեց Արա Նեդոլյանը