ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կից տեղեկատվական վեճերի խորհուրդը երեկ տարածել է փորձագիտական եզրակացություն, որով կասկածի տակ է դրվում «Օլիգարխներն ընդդեմ «Հայկական ժամանակի» գործով կայացված վճռի օրինականությունը:
«Միջամտությունը պատասխանող կողմ հանդիսացող լրատվամիջոցի արտահայտվելու ազատության իրավունքի իրականացմանն իրավաչափ չէ»,-եզրակացրել է խորհուրդը: Դատական վեճի առիթ դարձած հոդվածում «ՀԺ»-ն ներկայացրել էր Մոսկվայում գործող «Միաբանություն» ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի տրամադրած տվյալներն այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից քննվող գործերում շրջանառվում են Հայաստանի մի շարք պաշտոնյաների, այդ թվում`օլիգարխ –պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանի, Սամվել Ալեքսանյանի և Լևոն Սարգսյանի անունները:
Իր եզրակացության մեջ ՏՎ խորհուրդն արձանագրել է. «Հոդվածի հրապարակումից հետո լրատվամիջոցը բացահայտել է իր տեղեկատվության աղբյուրը`«Հայկական ժամանակ» օրաթերթի 2010թ. նոյեմբերի 2-ի համարում հրապարակելով լրատվամիջոցին համապատասխան տեղեկություններ տրամադրած անձի հետ ընդարձակ հարցազրույցը, որով վերջինս ընդունել է համապատասխան տեղեկությունների տրամադրման փաստը և հաղորդել է նաև նշված հրապարակմանը առնչվող այլ մանրամասներ: Հատկանշական է, որ լրատվամիջոցն իր աղբյուրը բացահայտել է դեռ արտադրական փուլում` հայցվորներին 2010թ. նոյեմբերի 1-ին ուղարկած նամակով, այնուհետև հաջորդ օրը տպագրված հարցազրույցում` կրկին արտադրական փուլում, որից միայն վեց օր հետո են հայցվորները ներկայացրել դատական հայց»,-ասված է փաստաթղթում: Փորձագիտական եզրակացության համաձայն, օրաթերթը տեղեկատվության աղբյուրը բացահայտել է առանց նման պարտավորություն ունենալու: «Լրատվամիջոցը որոշել է բացահայտել իր աղբյուրը, որը խոսում է լրագրողական բարեխղճության դրսևորման, լրատվամիջոցի կողմից իր աղբյուրի նկատմամբ վստահության առկայության, ակնհայտ չարամտության բացակայության և լրատվամիջոցի կողմից զրպարտված անձանց `իրենց պաշտպանելու ողջամիտ հնարավորություն ընձեռելու մասին»,-արձանագրել է ՏՎ խորհուրդը: Վերջինս, որպես լրատվամիջոցի հավասարակշռվածության ապացույց , մատնանշել է այն փաստը, որ հոդվածում որևէ պնդում չկա, թե օլիգարխ –պատգամավորները հանցագործությունների կատարմանը մասնակցություն են ունեցել: Այսպիսով, ՏՎ խորհուրդն արձանագրել է. «Փաստորեն, ողջ դատավարության ընթացքում պատասխանող լրատվամիջոցի փաստաբանը զրկված է եղել հայցվորների պնդումները վիճարկելու, ինչպես նաև իր սեփական ապացույցները ներկայացնելու արդյունավետ հնարավորությունից: Դատարանները չեն ապահովել պատասխանող լրատվամիջոցի գլխավոր խմբագրի ներկայությունը ողջ դատավարության ընթացքում: Դատարանը ներպետական դատավարական որևէ նորմով կաշկանդված չէր դա անել, և հաշվի առնելով, որ գլխավոր խմբագիրն է վարում լրատվամիջոցի լրատվական քաղաքականությունը, նրա ներկայությունը կնպաստեր գործով օբյեկտիվ քննությանը («ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ պահվում էր անազատության մեջ, վերաքննիչ քաղաքացիական դատարանը այս գործով դատաքննությունն ավարտեց «ՀԺ» գլխավոր խմբագրի ազատ արձակվելուց վեց ժամ առաջ): Վերը շարադրված դատավարական սահմանափակումներն անկասկած պատասխանող կողմի համեմատ դրել են անհավասար պայմանների մեջ: Հաշվի առնելով սահմանափակումների լրջության աստիճանը, Խորհուրդն արձանագրում է, որ դատարանները դրսևորվել են անհամաչափ միջամտություն լրատվամիջոցի ազատ արտահայտվելու իրավունքին»: