Հայաստանի Ատոմային էլեկտրակայանի աշխատակիցները, որոնք պահանջում էին աշխատավարձերի 50 տոկոսի չափով բարձրացում, երեկ հանդիպել են էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հետ խնդիրը քննարկելու համար: Ինչպես հաղորդում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքը, համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է Հայաստանի Ատոմային էլեկտրակայանի ծախսերի օպտիմալացման արդյունքում տնտեսվող գումարներն ուղղել ՀԱԷԿ-ի օպերատիվ անձնակազմի միջին աշխատավարձի 10 տոկոսի բարձրացմանը: Նախարարության հաղորդմամբ, աշխատողները վերադառնալու են աշխատանքի:
Նշենք, որ ՀԱԷԿ-ում արդեն ավարտվել են սեպտեմբերի 11-ից սկսված պլանային վերանորոգման և վերալիցքավորման աշխատանքները: Այժմ ընթանում են փորձարկումները, որից հետո կայանը կմիանա համակարգին: