Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ բանակցությունները ռեժիմի և միացյալ ընդդիմության կողմից ղեկավարվող համաժողովրդական շարժման ներկայացուցիչների միջև լավագույն միջոցն են` դեպի ժողովրդավարություն սահուն անցում կատարելու համար: Այս մասին ասված է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի կողմից հնչեցրած հայտարարության մեջ:
«Քաղաքակիրթ երկխոսության միջոցով ձեռք են բերվում պայմանավորվածություններ ազատ եւ արդար ընտրությունների անցկացման պայմանների և ժամկետների վերաբերյալ: Փոխհամաձայնության վրա հիմնված այդպիսի համագործակցությունից շահում է և՛ հասարակությունը, որն առանց ցնցումների կամ արյունահեղության վերականգնում է սեփական իշխանություն ընտրելու իր իրավունքը, և’ ռեժիմի պարագլուխները, որոնք խաղաղ պայմաններում իշխանությունը ժողովրդին վերադարձնելուց հետո արժանապատվորեն հեռանում են քաղաքականությունից:
Բանակցությունների տապալման նպատակով Շարժման ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կալանավորումը, Կոնգրեսի հոկտեմբերյան շուրջօրյա հանրահավաքների ժամանակ ժողովրդի բարձրացրած պահանջների շուրջ բանակցությունների մերժումը, դրա փոխարենը հասարակության ահաբեկմանն ուղղված համատարած ճնշումները, ինչպես նաև քաղաքացիների ազատ տեղաշարժի Սահմանադրական իրավունքների տոտալ սահմանափակումով մայրաքաղաքը երկրի այլ մասերից կտրող աննախադեպ բլոկադայի համատարած գործադրումը ցույց տվեցին, որ ռեժիմը հրաժարվել է վերոհիշյալ քաղաքակիրթ գործընթացից:
Նման վիճակում Շարժումը երկրում ժողովրդավարության վերականգնման համար այլ ելք չի տեսնում, քան գործող ռեժիմի դեմ համաժողվրդական ընդվզման կազմակերպմամբ հասնել Սերժ Սարգսյանի անվերապահ հրաժարականին: Ռեժիմն ինքը հրաժարվեց բանակցություններով և սահուն քաղաքակիրթ գործընթացով իշխանության ոչ օրինակարգության ճգնաժամի լուծման հնարավորությունից, ուստի այլևս որևէ խոսք չի կարող ունենալ ժողովրդավարական Հայաստանի կայացման գործում: Կոնգրեսի հիմնական խնդիրն այսուհետև դառնում է ժողովրդի և հասարակության մոբիլիզացիան, քաղաքական և հասարակական լայն ճակատի ստեղծումը Սերժ Սարգսյան ռեժիմի դեմ, նրա ներքին և արտաքին քաղաքական մեկուսացումը, երկրում այնպիսի վիճակի ստեղծումը, որը կպարտադրի Սերժ Սարգսյանի հրաժարականը», – ասել է Լևոն Զուրաբյանը:
Այդ ամենի մասին նա խոստացել է ավելի մանրամասն խոսել հոկտեմբերի 28-ի հանրահավաքում։