ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունում ի հայտ եկած չարաշահումների փաստի առիթով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռևս շարունակվում է: Այս մասին այսօր գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից թերթին տրամադրած տվյալների համաձայն, այս գործով ներկայումս մեղադրանք է առաջադրված 18 անձանց, որոնց մեջ կան ծառայության ստորաբաժինների ղեկավարներ և սովորական աշխատակիցներ: Պետական բյուջեին պատճառված մի քանի հարյուր միլիոն դրամից այս ընթացքում վերադարձվել է ընդամենը 13 միլիոն դրամ:
Այս քրեական գործի շրջանակներում հարցաքննվածների թիվը երեկվա դրությամբ կազմել է մոտ չորս հազար հոգի: «ՀԺ»-ի տեղեկություններով, մասնավորապես, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը հարցաքննվել է դեռևս հունիսի վերջերին`վկայի կարգավիճակում: