Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել բանակցությունների 7-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն, զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Ասոցացման համաձայնագրի շուրջ մեկուկես տարի առաջ մեկնարկած բանակցությունների մեկնարկից ի վեր լավ առաջընթաց է գրանցվել:
Առ այսօր Ասոցացման համաձայնագրի բանակցությունների շրջանակներում տնտեսական, ոլորտային և ֆինանսական համագործակցության խմբում բանակցվել և ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի 19 գլուխ:
Էդվարդ Նալբանդյանն ու Գունար Վիգանդը քննարկել են համագործակցության տարբեր ձևաչափերով կատարվող աշխատանքները և ուրվագծել են ձեռնարկվելիք քայլերը, մտքեր փոխանակել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ազատ և համապարփակ առևտրի գոտու ստեղծման գործընթացների շուրջ:
Կողմերը կարևորել են հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրվելիք «Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագիրը», ինչը կխթանի մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը: