«Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալության հարցմանն ի պատասխան Հատուկ քննչական ծառայությունը հերքել է ՀԱԿ-ի ակտիվիստների հայտարարությունը`իրենց նկատմամբ ՀՔԾ-ում բռնություն կիրառելու վերաբերյալ:
«Հայ ազգային կոնգրեսի անդամների հայտարարությունը` ՀՀ ՀՔԾ-ում ՀԱԿ-ի ակտիվիստ Վահագն Գևորգյանի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը, զուրկ է տրամաբանությունից և բացարձակ հերյուրանք է: Իրականում տեղի է ունեցել հետևյալը.
2011թ. հոկտեմբերի 25-ին` ժամը 12.15-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ներկայացել քրեական գործով մեղադրյալ Վահագն Գևորգյանը: Վերջինս հրավիրվել է հարցաքննության նպատակով, սակայն ներկայացել է առանց պաշտպանի, թեև պաշտպանը նախապես տեղեկացված է եղել քննչական գործողության կատարման տեղի և ժամի մասին: Քննիչը ցանկացել է մեղադրյալին ծանուցագիր հանձնել` մեկ այլ օր ներկայանալու համար, սակայն աշխատասենյակում Վահագն Գևորգյանն իրեն պահել է հանդուգն և ոչ կոռեկտ, որի կապակցությամբ նրան դիտողություն է արվել:
Ի պատասխան քննիչի դիտողությանը` Վահագն Գևորգյանը փորձել է հրահրել սադրանք, բղավել է, թե իբր իր նկատմամբ բռնություն է կիրառվում, իրեն հայհոյում են: Այնուհետև Վահագն Գևորգյանը, ինչպես նաև նույն օրը ՀՀ ՀՔԾ հրավիրված մյուս մեղադրյալներ Դավիթ Քիրամիջյանն ու Սահակ Մուրադյանը, միջանցքում ցուցադրաբար պատռել են անցաթղթերը, թեև դրանք պարտադիր են վարչական շենքից դուրս գալու համար: Այդուհանդերձ, նրանք անարգել հեռացել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից»,- «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցին տեղեկացրել են հատուկ քննչական ծառայությունից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վահագն Գևորգյանը երեկ լրագրողներին ներկայացրել էր տեղի ունեցածի իր տարբերակը: