Home / Հայաստան / Հայաստանում անտեսում են հաշմանդամների խնդիրները. օմբուդսմենը համոզվեց

Հայաստանում անտեսում են հաշմանդամների խնդիրները. օմբուդսմենը համոզվեց

Այսօր Հանրապետության հրապարակի մետրոյի հարակից տարածքից երթ է մեկնակել, որի նպատկան էր ուշադրություն հրավիրել հաշմանդամների խնդիրների վրա: Երթի նախաձեռողներն էին «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը և ՀՀ ՄԻ պաշտպանի գրասենյակը:

Մի քանի տասնյակ քաղաքացիներ, հաշմանդամներ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի, շոու բիզնեսի ներկայացուցիչներ «Էմփիռեյ» ռոք-խմբի մենակատար Սարգիս Մանուկյանի, երգահան Գիսանե Պալյանի և իր ընտանիքի, շոումեն Եգոր Գլումովի հետ միասին երթով անցան Հանրապետության հրապարակով:

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ երթին մանսակցող հաշմանդամները փորձեցին ավտոբուս նստել: Չորս տղամարդ բարձրացրեցին սայլակներից մեկը և բարձրացան ավտոբուս, որից հետո պարզվեց, որ ավտոբուսում սայլակի կանգնեցնելու տարածք չկար: Հաշմանդամին իջեցրեցին ավտոբուսից և երթը շարունակվեց: Օմբուդսմենը, ով այն չորս մարդկանցից մեկն էր, որ օգնում էր հաշմանդամին բարձրանալ ավտոբուս, հաստատեց, որ տրանսպորտում այդ ձևով երթևեկել հնարավոր չէ:

Մասնակիցներն անցան ՀՀ Դատախազության շենքի մոտով` արձանագրելով, որ այնտեղ էլ հնարավորություն չէր ընձեռված հաշմանադամների մուտքի համար, որից հետո հասան քաղաքապետարան՝ բաց նամակ հանձնելու և հանդիպում խնդրելու քաղաքապետարանի ղեկավարության հետ:

Լրագրողների հետ զրույցում «Ունիսոն»-ի հիմնադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը խոսել է իրենց ակցիայի նպատակի և շարժողական խնդիրներ ունեցող մարդկանց պրոբլեմների մասին:

«Մեր կյանքում ռեալ փոփոխություններ չենք զգում, մենք կախված ենք մեր օգնականներից, և երևի կախված էլ կմնանք: Որևէ տեսակի տրանսպորտ հարմարեցված չէ տեղաշարժման խնդիրներ ունեցողներին: Ես ուզում եմ ասել, որ մեր ակցիան ոչ թե ուղղված է ինչ-որ մեկին ընդդեմ, այլ հանուն հավասար հնարավորությունների, և մենք ուզում ենք ևս մեկ անգամ բարձրաձայնել այս հարցը, որ ռեալ գործեր արվեն, որ աչքներս տեսնի: Իրականում այդ ամենը շատ հեշտ ու արագ կարելի է կազմակերպել, պարզապես պետք է տրանսպորտային ոչ մի մրցույթ առանց այդ չափանիշները հաշվի առնելու չլինեն: Մենք 2002 թվականից բարձրաձայնել ենք այս հարցը, իսկ 2005-ին օրենքի նախագծի փաթեթով ենք հանդես եկել, սակայն այն, մտնելով շրջանառության մեջ, վերջում որևէ արդյունք չտվեց»,- ասել է Ալավերդյանը:

Խոսելով գետնանցումների թեքահարթակների մասին՝ նա նշել է, որ դրանք բացարձակ հարմար չեն.

«Ըստ նորմայի՝ մեկ մետր բարձրության դեպքում պետք է 10 մետրանոց թեքահարթակ լինի, սակայն մեզ մոտ 1 մետրի դեպքում 5 մետրոնոց է, այսինքն՝ առնվազն կրկնակի է խախտումը», – ասել է Ալավերդյանը:

 

Նա հայտարարել է, որ Հայաստանում գործող մեծ սուպերմարկետները ևս աննշան չափով են հարմարեցված տեղաշարժման խնդիրներ ունեցողներին:

«Իսկ մշակութային օբյեկտներից կարելի է մտնել միայն Նարեկացու արվեստի տուն և Կամերային երաժշտական թատրոն, Արամ Խաչատրային համերգասրահում կա շարժական թեքահարթակ, որը քիչ է հարմար», – մանրամասնել է նա:

Ակցիայի մասնկիցներին քաղաքապետարանի շենքի մոտ դիմավորել է Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, վերցրել է նամակը և ասել, որ այդ մասին կտեղեկացնի քաղաքապետ Կարեն Կարապետյանին: