ՀՀ ՊՆ քննչական ծառայության ներկայացուցիչ Մերի Սարգսյանը Epress.am-ի հետ զրույցում հայտնել է, որ երեկ ժամը 17.00-ի սահմաններում, ճամբարային հավաքներից զորամաս վերադառնալիս զորամասերից մեկի զրահամեքենան Կապան-Գորիս ճանապարհի 39-րդ կմ-ում դուրս է եկել բանուկ հատվածից, աջ կողմի վրա շրջվել, գլորվել դեպի ներքևի ճանապարհահատված, որի հետևանքով զրահամեքենայի ավագ, ավագ լեյտենանտ Արամայիս Սարգսյանը վիրավորվել է, իսկ նրան Գորիս քաղաքի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Սարգսյանի փոխանցմամբ, զրահամեքենայի մեջ գտնվող մյուս 3 ժամկետային զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Ըստ զինվորական հոսպիտալի ներկայացրած տվյալների՝ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քր. օրենգրքի 377 հոդվածի 2-րդ մասի (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոների խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: