Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի բանաձևով հոկտեմբերի 24-ը հռչակած է Միավորված ազգերի կազմակերպության օր:
Այս տարի ՄԱԿ-ը նշում է իր ստեղծման 66-ամյակը: Այսօր ԱԺ-ի բակում «Պատանի նվաճողներ» հ/կ-ի կազմակերպած միջոցառման ժամանակ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչևան լրագրողների հետ զրույցում խոսել է Հայաստան-ՄԱԿ համագործակցության մասին:
«Ցանկանում եմ ընդգծել ռազմավարական և երկարատև համագործակցության կարևորությունը Հայաստանի կառավարության ու ՄԱԿ-ի միջև: Եվ ուրախ եմ իմանալ, որ մենք այստեղ վայելում ենք վստահության բարձր մակարդակ կառավարության կողմից: Անցած 19 տարիների ընթացքում համագործակցությունը հիանալի էր: Ինչպես գիտենք, Հայաստանը միացել է ՄԱԿ-ին 1992 թվականի մարտին և մի քանի ամիս անց Հայաստանում ստեղծվել է ՄԱԿ-ի գրասենյակը: Դրանից հետո մենք աշխատում ենք կառավարության հետ տարբեր զարգացման մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ»,- ասել է տիկին Գեռչևան:
Նա նաև նշել է, որ հաջորդ տարի նշվելու է ՄԱԿ-ի` Հայաստանում ներկայության 20- ամյակը, ինչի առիթով նա հայ ժողովրդին շնորհավորել է այն բացառիկ առաջընթացի առիթով, որ ունեցել է այս տարիների ընթացքում, ինչպես նաև տեղեկացրել, որ իրենք կնշանավորեն կողմերի համագործակցությունը հետագա ուղենիշային ծրագրերով: