Հայտնի խորհրդային և ռուսաստանյան ֆուտբոլիստ, 2008 թվականից «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի մեքենան ավազակային հարձակման է ենթարկվել: Անհայտ անձինք գողացել են նրա պայուսակը, որում մոտ 200 հազար ռուբլի գումար է եղել: Ուշագրավ է, որ գողերը վերադարձել և մեքենայում են թողել մարզչի iPad-ը, որը նույնպես եղել է պայուսակում, հայտնում է Lifenews.ru-ն:
Այս գործողությունները արձանագրել է տեսահսկման սարքը:
Սկզբում տղամարդիկ մոտեցել են մեքենային, կոտրել պատուհանը, այնուհետև վերցրել պայուսակն ու հեռացել: Սակայն 7 րոպե անց կրկին հայտնվել են մեքենայի մոտ, որպեսզի վերադարձնեն մարզչի iPad-ը:
Հանցագործների նման գործողությունները պայմանավորված են նրանով, որ iPad-ի վրա տարբերակիչ ծածկագիր կա, որը թույլ կտար որոշել` որտեղ են գողերը, երբ նրանք փորձեին վաճառել այն: Հասկանալի չէ միայն այն, թե ինչու նրանք պարզապես չեն նետել սարքը, ինչպես պայուսակը:
Ոստիկանությունում տված ցուցմունքում Կարպինը իրեն հասցված վնասը գնահատել է մոտ 300 հազար ռուբլի (մոտ 10 հազար դոլար):