Home / Հայաստան / Ակտիվիստին բաց թողեցին ոստիկանության բաժնից (թարմացված)

Ակտիվիստին բաց թողեցին ոստիկանության բաժնից (թարմացված)

14:15 Րոպեներ առաջ Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժնից բաց են թողել ավելի վաղ ՀՀ կառավարության շենքի մոտից բերման ենթարկված ակտիվիստ, իրավապաշտպան Լալա Ասլիկյանին: Ոստիկանության բաժնում նրանից պահանջել են թուղթ ստորագրել, համաձայն որի ինքը չի ենթարկվել ոստիկանների կարգապահական պահանջին: Ասլիկյանը հրաժարվել է թուղթը ստորագրել, իսկ նրա փաստաբան Ռոբերտ Ռևազյանը այդ փաստաթուղթը հիմնազուրկ է անվանել: Քիչ անց Epress.am-ը կներկայացնի դեպքին վերաբերող տեսանյութը:

13:09 Կառավարության շենքի մոտից բողոքի ակցիայի մասնակիցների ևս մի խումբ եկել է ոստիկանության բաժնի մոտ, սակայն ոստիկանական պատը թույլ չի տալիս նրանց մոտենալ բողոքողների այն խմբին, որը կանգնած է անմիջապես բաժնի մոտ:

13:05 Լալա Ասլիկյանի փաստաբանին թույլ են տվել մուտք գործել ոստիկանության բաժին ակտիվիստի հետ հանդիպելու համար:

12:45 Այս պահին կառավարության շենքի մոտ անցկացվող ակցիայի մասնակիցները հավաքվել են Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժնում, որտեղ ավելի վաղ բերման էր ենթարկվել Լալա Ասլիկյանը: Ոստիկանության բաժին է ժամանել նաև Ասլիկյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը, որին առայժմ թույլ չեն տվել հանդիպել Ասլիկյանի հետ: Ոստիկանության դիտորդական խմբի ներկայացուցիչ Նելլի Հարությունյանին նույնպես թույլ չեն տալիս հանդիպել Ասլիկյանի հետ:

Epress.am-ի հետ զրույցում Ռևազյանն ասել է, որ ոստիկանների նման պահվածքը կարելի է որակել որպես օրենքի խախտում: Ոստիկանության բաժին են ժամանել նաև Ժառանգության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը և Զարուհի Փոստանջյանը: Երբ վերջինս մոտենում էր ոստիկանության շենքին, ՀՀ ոստիկանության Կենտրոն բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը իր մեքենան վարել է Փոստանջյանի ուղղությամբ` ստեղծելով վտանգավոր իրավիճակ և ընդհուպ մոտենալով և անգամ դիպչելով Փոստանջյանին: Մեքենայի համարներն են` 427 ՈՍ 02:

Նշենք, որ այժմ Ասլիկյանի մոտ թույլ են տվել մտնել Ստեփան Սաֆարյանին:

12.33 Ակտիվիստ Վարդգես Գասպարին ի նշան բողոքի այս պահին պառկել է Կառավարության շենքի հարակից տարածքում:

Գասպարիի խոսքով` ինքը նման կերպ պայքարում է բանակում արձանագրված դեպքերի դեմ, որոնք որակվում են որպես ինքնասպանություն: Հարցին, թե արդյոք Գասպարին չի մտահոգվում իր առողջության մասին, վերջինս պատասխանել է, որ բանակում ծառայող զինվորները շատ ավելի վատ պայմաններում են գտնվում, քան ինքը:

Հիշեցնենք, որ օրերս գրավի դիմաց ազատ արձակված Վարդգես Գասպարին ձերբակալվել էր նախորդ հինգշաբթի ՀՀ կառավարության շենքի մոտ «Բանակն իրականում» նախաձեռնության ակցիայի ընթացքում:

Գասպարիին մեղադրում են խուլիգանության և  իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտել էր Գասպարիի ձերբակալության փաստը՝  նշելով, որ ակտիվիստից վրեժխնդիր է լինում անձամբ ոստիկանապետը, ում Գասպարին խուլիգան է անվանել:

 

11. 56 «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

«Նրանք հայտարարեցինք, որ ես հանցագործ եմ, խուլիգան եմ, և բռնի տեղափոխեցին  ոստիկանական բաժին», – Epress.am-ի թղթակցին ասել է Լալա Ասլիկյանը:

11.50 Ոստիկանությունը բացատրել է` ինչու է շրջափակել Կառավարության շենքը.

«ՀՀ Կառավարության բնականոն գործունեությունն ապահովելու, ինչպես նաև հնարավոր իրավախախտումները կանխելու և խափանելու, հավաքի իրավախախտ մասնակիցների նկատմամբ ուժի գործադրումը հնարավորինս բացառելու նկատառումներով` ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ  հոդվածի 1-ին մասի 4-րդ և «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետերով և 12-րդ հոդվածով, սույն թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ոստիկանությունը ՀՀ կառավարության  նստավայրի առջև կազմակերպված հավաքի մասնակիցներին առաջարկել է հավաքն անցկացնել ՀՀ կառավարության շենքին հարող տարածքում:

ՀՀ ոստիկանության կողմից հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության նախորդ նիստերի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության նստավայրի առջև կազմակերպված հավաքի մի խումբ մասնակիցներ, որոնք վերստին ժամանում էին հավաքի վայր, պարբերաբար և տևական ժամանակահատվածի ընթացքում խոչընդոտել են Կառավարական տուն 1 շենք ազատ մուտքն ու ելքը, ինչպես նաև թույլ են տվել անպարկեշտ, վիրավորական արտահայտություններ, սադրել բախումներ ոստիկանության ծառայողների և հավաքի մասնակիցների միջև»:

11.40 ՀՀ կառավարության նիստի ժամանակ ամեն հինգշաբթի բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին այսօր թույլ չեն տալիս մոտենալ կառավարության շենքին: Ոստիկանները շրջափակել են շենքը և հրաժարվում են որևէ բացատրություն տալ:

ՊՊԾ գնդի հրամանատար, գնդապետ Վալերի Օսիպյանը Epress.am-ի թղթակցին հայտնել է, որ ոստիկաններն այսուհետ թույլ չեն տալու խանգարել Կառավարության նիստի բնականոն ընթացքը և սովորական քաղաքացիների անցուդարձը: Հարցին, թե ոստիկաններն ումից են նման հրահանգ ստացել, Օսիպյանն ասել է. «Ոստիկանությանը հրահանգ պետք չէ»:

Երևանի ոստիկանապետի տեղակալ, գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը ևս հրաժարվել է պարզաբանել ոստիկանների գործողությունները: «Լավ ենք արել, շրջափակել ենք», – Epress.am-ի թղթակցին պատասխանել է Մելքոնյանը:

Այս պահին ակցիայի մասնակիցները պաստառներով կանգնել են Հանրապետության Հրապարակի շատրվանների մոտ:

Բանակում զոհվածների հարազատները պնդում են, որ ոստիկաններն իրենց գործողություններով մարդկանց դրդում են հանցագործության:

«Թող չկարծեն, որ մենք այսուհետ ավելի բարեկիրթ կգտնվենք», – Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է բանակում զոհված Արտակ Նազարյանի մայրը:

Հավաքվածները նշել են, որ շարունակելու են ակցիաներ կազմակերպել և գնալու են մինչև վերջ:

«Կտեսնենք` ով է փոշմանելու` նրանք, թե մենք: Մեր երեխաները բանակում անտեր էին, բայց նրանց գերեզմաններն անտեր չեն», – ասել է զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը: