Հոկտեմբերի 27-ը չբացահայտելու մեղքը նախկին և ներկա իշխանություններինն է, որովհետև նրանք իրենց պասսիվությամբ, իրենց գործին հետամուտ չլինելու գործունեությամբ խնդիրը հասցրեցին նրան, որ գործը ընդհանրապես փակվեց և կարճվեց նաև անջատված մասով:
Այսօր Եռաբլուրում իր եղբոր` Վազգեն Սարգսյանի շիրիմի մոտ լրագրողների հետ այս մասին զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Արամ Սարգսյանն ասել է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը պետական կառույցների, այդ թվում` ԱԺ-ի շենքի պաշտպանության հիմնական պատասխանատուն էր:
«Բայց այստեղ խնդիրը այնքան նրանում չի, թե ովքեր էին մեղավոր, որ տեռորիստները կարողացան մտնել ԱԺ: Այստեղ խնդիրը նրանում էր, թե կար այդ մարդկանց հետևում պատվիրատուն, թե ոչ, ու դա բացահայտելու համար քայլեր էր պետք անել, ինչը գործող իշխանությունը չարեց: Առաջին իսկ օրվանից նախորդ նախագահը հայտարարեց, որ այս հինգն են, նաև մի քանի քաղաքական գործիչներ այդ հինգին ռոմանտիկներ անվանեցին և այդ մարդկանց պահեցին մինչև վերջ»,- ասել է Արամ Սարգսյանը:
Այն հարցին, թե երբ կբացահայտվի «Հոկտեմբերի 27»-ի գործը, Արամ Սարգսյանն պատասխանել է, որ դա տեղի կունենա նոր, առաջադեմ իշխանությունների պայմաններում, որոնք այդ գործի քննության հետ կապ չունեն:
«Ես համոզված եմ, որ ՀԱԿ-ի իշխանության գալու դեպքում մաքսիմալ ազնիվ կբացահայտվի հոկտեմբերի 27-ը» , – ասել է Սարգսյանը:
Նա նաև նշել է, որ իր վարչապետության օրոք ինքը ուներ թե’ դատական, թե’ գործադիր մարմինների վրա ազդեցություն ունենալու հնարավորությունը, ինչ Սահմանադրությամբ արգելված է, սակայն նման ազդեցությունը կար հենց ՀՀ նախագահի կողմից (1999 թվականին Ռոբերտ Քոչարյանը – խմբ.):
Խոսելով նաև այն մասին, որ որոշ մարդիկ իրեն մեղադրում են հոկտեմբերի 27-ից հետո վարչապետ դառնալու համար` Սարգսյանն ասել է, որ իրեն խնդրել էին զբաղեցնել այդ պաշտոնը:
«Ես իմ վարչապետությամբ որևէ վնաս չտվեցի երկրին, ընդհակառակը ես համարում եմ, որ բավական լուրջ օգուտներ եմ տվել այս երկրին: Ես իսկապես վարչապետ եմ եղել և չեմ եղել նախագահի կրունկի տակ, որևէ ելույթում չեմ ասել` «գործող նախագահի հովանու ներքո», և այլն, և այլն: Բացի վարչապետը, նաև մարդ եմ եղել, իսկ գործի առումով ես ինձանից կախված ամեն ինչ արել եմ: Ես համարում եմ, որ մարդուն սպանության մեջ մեղադրելը նույնչափ մեղք է, ինչ սպանություն գործելը, դա պիտի ապացուցվի: Ես առայսօր չեմ մեղադրել: Բայց ես իրենց մեղադրում եմ մի բանի մեջ` իրենք խանգարեցին այդ բացահայտմանը, հետևաբար պարտակեցին, և իրենց արարքը քրեորեն պատժելի է», – ասել է Արամ Սարգսյանը:
Նա նաև ասել է, որ իր պաշտոնում եղած ժամանակ աշխատել է հնարավորինս քիչ խառնվել դատական համակարգի գործերին, քանի որ, նրա խոսքով, այդ համակարգում էլ իր համար կային վստահելի մարդիկ, և այդ մարդիկ այդ գործն իրենց լիազորության շրջանակներում տանում էին:
«Բայց կար նախագահ, որն ամեն օր այդ գործով օրվա քննության թղթերն ուզում էր: Ինքը վախեցած էր, որ գործը ուղղորդում են իր վրա, ինքն ամեն օր կարդում էր, ասում էր` «տես էս քննիչներն ինչ են հարցրել, բա ո՞նց կլինի, Արամ ջան»: Իմ համար նույնիսկ անտանելի էր այդ բաները կարդալ: Չի կարող իմ կարգավիճակում եղած որևէ մեկը վերցնի ու իր եղբոր սպանողների ցուցմունքները կարդա, որոնք համարում են, որ իրենք լավ բան է արել, հետևաբար ես չէի կարդում դրանք: Դրանք կարդում էր Ռոբերտ Քոչարյանը: Ու ինքն անընդհատ միջնորդում էր նախաքննությանը, և այդտեղ մենք հակասություններ ունեինք: Այո’, բայց մեր հակասությունները նաև տնտեսության բնագավառում էին: Ես ուզում էի «Նաիրիտը» վերագործարկել, ինքն ասում էր` «ղազագիր գրի, որովհետև դա սև կետ է, այդտեղ ինչքան փող դնես, կկորի: Դրեցինք, աշխատեցրեցինք և օգուտով: Ես իմ վարչապետության շրջանում լավ գործեր եմ արել. այն մարդիկ, ովքեր ինձ մեղադրում են, թող ասեն, թե ինձնից հետո որ եկած վարչապետն է ինձանից լավ գործեր արել»,- հավելել է Սարգսյանը: