Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը կարգադրել է ատոմային էներգիայի ոլորտի պատասխանատուներին չափել երկրի արևելյան շրջաններում ռադիոկտիվության մակարդակը: Պատճառն այն է, որ Թուրքիայում վախենում են Հայաստանի ատոմային էլեկտրակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսքից, որը, ըստ թուրքական կողմի, կարող էր Վանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանք լինել: Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, այս մասին Անկարայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախարարը:
«Ես խնդրեցի Թուրքիայի ատոմային էներգիայի ոլորտի ղեկավարությանն անմիջապես ստուգումներ անցկացնել», – ասել է Յիլդիզը:
Ըստ նախարարի`Թուրքիան պատրաստվում է օրինական միջոցառումներ ձեռնարկել ողջ աշխարհում հնացած ատոմակայանների դեմ, այդ թվում` Մեծամորի ատոմակայանի:
Յիլդիզը հավաստիացրել է, որ Թուրքիան Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (IAEA) բողոք է ներկայացնելու տասնյակ ատոմակայանների դեմ, որոնք շահագործվում են 40 տարուց ավելի (Մեծամորի ատոմակայանը գործարկվել է 1976 թվականին – Epress.am):
«Որոշ երկրներ հայտարարում են, որ վերջ են դնում ատոմային էներգիային և փակում են հնացած ԱԷԿ-ները, բայց նաև նրանք շարունակում են նորերը կառուցել: Դա ճիշտ չէ», – ասել է նախարարը:
Յիլդիզը չի նշել է, թե կոնկրետ որ երկրները նկատի ունի:
Նշենք, որ Թուրքիան գալիք տասնամյակում, իր հերթին, երկու ատոմակայան է պատրաստվում կառուցել` երկրի հարավում և հյուսիսում: Հարավում կառուցվելիք Աքքույույի ատոմակայանի վրա աշխատանքները մեկնարկելու են 2013 թվականին: Այն շահագործման է հանձնվելու 2018-ին: Յիլդիզի խոսքերով` իրենք 20 միլիարդ դոլար են ծախսելու ատոմակայանը կառուցելու համար, և այն ապահովված է լինելու անվտանգության ժամանակակից համակարգերով:
Հավելենք նաև, որ կիրակի Վանում տեղի ունեցած երկրաշարժից հետո Հհ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանում երկրաշարժը բացարձակապես խնդիրներ չի առաջացրել: