Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը «Արմնյուզ» հեռուստաալիքի եթերում հաստատել է իր հրաժարականի մասին լուրը և խոստովանել, որ այդ որոշումն իրեն բավական դժվար է տրվել: Նրա խոսքով` հրաժարականը պայմանավորված է այլ աշխատանքի տեղափոխվելու, ինչպես նաև անձնական բնույթի պատճառներով:
Կարապետյանը հերքել է լուրերն այն մասին, թե իբր լքում է քաղաքապետի պաշտոնը Սերժ Սարգսյանի կամ նախագահի աշխատակազմի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Նման տեսակի լուրերը նա անվանել է աբսուրդ:
Կարեն Կարապետյանի խոսքով` նախագահի և ՀՀԿ-ի կողմից իր հանդեպ վստահությունը եղել է անսահման:
«Նախագահը հարգեց իմ որոշումը, շատ լավ զրույց ենք ունեցել: Իմ կայացման մեջ ինքը ֆանտաստիկ մեծ դեր է ունեցել», – ասել է քաղաքապետը` նշելով, որ պաշտոնից հեռանալը չի նշանակում հեռանալ թիմից և կապ չունենալ Հայաստանի հետ:
Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել այն երևանցիներին, որոնք մեծ հույսեր էին կապում իր գործունեության հետ, և ներողություն խնդրել, եթե որևէ սպասելիք չի արդարացրել:
Քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ հարցին քաղաքապետը պատասխանել է, որ երբեք իր պաշտոնը քաղաքական չի համարել և բազմիցս նշել է, որ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունի:
Ինչ վերաբերում է ապագա քաղաքապետին, ապա, Կարապետյանի խոսքով, ինքն իրեն իրավասու չի համարում քննարկել այդ հարցը:
«Սա նախագահի և ավագանու որոշումն է», – եզրափակել է Կարապետյանը: