Այսօր, ժամը 14.00-ին Երևանի «Էրեբունի» օդանավակայանից Թուրքիայի Էրզրում քաղաք ուղևորվեց ՀՀ կառավարության աջակցությունը՝ 40 տոննա բեռ (100-ից ավելի վրաններ, 500 քնապարկ և 7000-ից ավելի անկողնային պարագաներ) տեղափոխող Իլ-76 ինքնաթիռը, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին Վան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով կան զոհեր ու ավերածություններ։
Հոկտեմբերի 27-ին Հայաստանը դիվանագիտական խողովակներով ստացել էր Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը։