Թուրք լրագրող Օրհան Քեմալ Չենգիզը Today’s Zaman-ի իր բլոգում անդրադարձել է թուրք գիտնական Թաներ Աքչամի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը, համաձայն որի Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածը (քրեորեն հետապնդելի է համարում թուրք ազգին կամ թուրքական կառավարությանը վիրավորելը կամ վարկաբեկելը) ոտնահարում է մարդու խոսքի և ազատ արտահայտման իրավունքը:
Լրագրողը հավատացած է, որ դա բեկումնային որոշում է և կստիպի Թուրքիային հետագայում վերացնել 301 հոդվածը: Այս առնչությամբ Չինգիզը նաև հարց է ուղղել Աքչամին (վերջինս բնակվում է ԱՄՆ-ում – խմբ.), թե ինչ է նա մտածում որոշման և 301 հոդվածի վերաբերյալ, և արդյոք նա իրեն ավելի ապահով է զգում այս վճռից հետո: Լրագրողը նշում է, որ Աքչամն իրեն մտորելու առիթ տվող պատասխան է ուղարկել: Նա մեջբերում է պրոֆեսոր Աքչամի մեկնաբաննությունները հարցի վերաբերյալ:
«Այս որոշումը փաստացիորեն ի օգուտ Թուրքիայի կգործի: Որոշումը օգնում է երկրին մեկ քայլ առաջ կատարել այս հարցի ուղղությամբ: Օրենքում փոփոխություններ արդեն եղել են, բայց գործադիր իշխանությունը խոչընդոտում է դրա իրականացմանը: Այլ կերպ ասած, կառավարությունն այնպես է իրեն պահում, կարծես, այն օրենքը, որ իրանք ստեղծել են, գոյություն չունի: Այս իրավիճակը կարո՞ղ է ավելի ծիծաղելի լինել:
«Մենք մեզ այսպես ենք պահում ցանկացած խնդրի դեպքում: Մենք գիտենք, որ խնդիր գոյություն ունի, բայց իրականում այն լուծելու փոխարեն, մենք մեզ այնպես ենք պահում, կարծես թե լուծում ենք այն: Մենք սպասում ենք Մարդու Իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը, անգամ խոսքի ազատությանը և օրենքի գերակայության հաստատմանը վերաբերող պարզ և սովորական հարցի դեպքում: Դա իսկապե՞ս անհրաժեշտ էր: Հենց միայն այս պատճառով, ես չեմ կարող ուրախանալ այս որոշումով», – պատասխանել է գիտնական Ակչամը:
Աքչամը նաև ուշադրություն է հրավիրում այս հարցի շատ ավելի կարևոր ասպեկտի վրա:
«Որոշումը պատմականորեն կարևոր է, որովհետև դատարանը ցույց է տալիս պատմության և ժողովրդավարության միջև առկա սերտ կապը: Պարզ ասեմ. Օսմանյան կայսրության օրոք 1915-ին մոտ 1 միլիոն հայ քաղաքացիներ բնաջնջվեցին: Գիտեմ, որ միայն այս խոսքերն արտաբերելը վրդովվեցնում է շատերին և իրականում հենց այս զայրույթն է, որ խթան է հանիսացել կառավարության համար պատմական դեպքերը հավասարեցնելու «հանցագործության» հետ 301 հոդվածի ներքո:
Մենք պետք է հասկանանք մի բան` եթե չես կարող ազատորեն խոսել պատմության մասին, ապա չես կարող երկիրդ ժողովրդավարական անվանել և չես կարող մարդու իրավունքները հարգող հասարակություն և ապագա ստեղծել:
Պատմության «հայկական» կամ «թուրքական» կողմ չկա: Քննարկելու համար այն, թե իրականում ինչ է պատահել պատմության ընթացքում, պետք է ազատ և բաց խոսել այդ մասին` առանց լեգենդների և մյութոսների: Այսօր Հոլոքոստը քննարկելիս ոչ ոք չի խոսում «գերմանական վարկածի» կամ «հրեական վարկածի» մասին:
Թուրքիան մեծ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության հարցում «Բալյոզի» և «Էրգենեկոնի» գործերը քննելով: Այն գործում էր ռազմական ուժի իշխանության նվազեցման համար: Բայց ժողովրդավարության հասնել հնարավոր չի լինի միայն զինվորականներին քաղաքականությունից հանելու միջոցով:
Բոլորը պետք է ուշադրությունը կենտրոնացնեն այս հարցի վրա: Նրանք ովքեր ատելություն են տարածում հայերի և քրիստոնյաների դեմ, նրանք, ովքեր արշավներ էին կազմակերպում Հրանտ Դինքի և իմ դեմ, և նրանք, ովքեր արշավներ էին կազմակերպում «Ցեղասպանության ստի» դեմ:
301 հոդվածը Էրգենեկոնի կողմից առաջարկված օրենք է: Այժմ էրգենեկոնամետ գործիչները բանտում են, բայց նրանց 301 հոդվածը դեռևս շարունակում է գործել: Եկեք չմոռանանք, որ հենց էրգենեկոնամետ գործիչներն էին, որ քրեականցրեցին պատմության մասին խոսելը և հավասարեցրեցին այն դավաճանության և թրքությունը վիրավորելու հետ: Հենց նրանք էին այն մարդիկ, ովքեր դատական գործեր էին հարուցել Հրանտի դեմ և նրանց պատճառով էր, որ ես դիմեցի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եթե մենք չենք ցանկանում, որպեսզի Թուրքիան կրկին ընկնի ռազմական իշխանության ազդեցության տակ, եթե մենք չենք ցանկանում վերակենդանացնել Էրգենեկոնը, պետք է սովորենք խոսել 1915 թվականի դեպքերի մասին և ընդունենք, որ անցյալում մեծ անարդարություն է տեղի ունեցել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշմամբ հիշեցրեց մեզ այս փաստի մասին:
Ես ինձ Թուրքիայի քաղաքացիական հասարակության մի մասն եմ համարում և կշարունակեմ անել ամեն ինչ, որպեսզի համոզվեմ, որ 301 հոդվածը դուրս է գալիս Թուրքիայի քրեական օրենսգրքից: Այս հոդվածը Հրանտ Դինքի մարդասպանն էր: Մեր խորհրդարանը պարտավոր է վերացնել այն: Սա Հրանտ Դինքի և բոլոր զոհերի նկատմամբ նրանց պարտականությունն է»: