Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ, որտեղ մասնակցել է Ապարանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը, ծանոթացել կենտրոնի անհետաձգելի բուժօգնության, վիրահատական և այլ բաժանմունքների պայմաններին, մատուցվող ծառայությունների որակին:
Նախագահին ներկայացվել է, որ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրերի շրջանակներում Արագածոտնի մարզի Ապարանի բժշկական կենտրոնում կատարված ներդրումների արդյունքում վերանորոգվել է երկհարկանի հիմնական մասնաշենքը, ամբողջությամբ հիմնանորոգվել է բժշկական կենտրոնի պոլիկլինիկական և հիվանդանոցային մասերից բաղկացած հիմնական մասնաշենքն իր տանիքով, ջրամատակարարման, էլեկտրասնուցման, գազամատակարարման և ջեռուցման համակարգերով, կաթսայատնով: Ծրագրի շրջանակներում հիվանդանոցը կահավորվել և հագեցվել է արդի բժշկական սարքավորումներով:
Նշվել է, որ ծրագրի շրջանակներում իրականացվել են նաև տարաբնույթ խորhրդատվական և կրթական բնույթի աշխատանքներ: ՀՀ կառավարության և ՀԲ-ի կողմից կատարված ընդհանուր ներդրումները «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կազմում են շուրջ 1,214,602.1 հազ. ՀՀ դրամ (շուրջ 3,248.5 հազ. ԱՄՆ դոլար):
Արագածոտնի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահն այցելել է նաև Ապարանի վերանորոգվող մշակույթի կենտրոն: Եռահարկ մշակույթի կենտրոնի վերանորգման աշխատանքները մեկնարկել են 2007թ.: Այստեղ կտեղակայվեն համայնքային ենթակայության մի քանի կազմակերպություններ՝ Ապարանի մշակույթի տունը, պատմության թանգարանը, գեղարվեստի դպրոցը: Առանձին հարկաբաժին է զբաղեցնում համայնքային գրադարանը: 2007-2011թթ. ընթացքում իրականացված հիմնանորոգման աշխատանքների համար պետական բյուջեից, ընդհանուր առմամբ, հատկացվել է 225.28 մլն դրամ:
Արագածոտնում Սերժ Սարգսյանն այցելել է Սասունիկ համայնքում գտնվող «Արմենիա վայն» գինու գործարան» ՍՊԸ ևս: Նախագահը շրջայց է կատարել գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրական հզորություններին և զարգացման ծրագրերին: Սերժ Սարգսյանը մասնակցել է նաև գործարանի հնեցման մառանի հիմնարկեքի արարողությունը:
Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ 5 հա տարածք զբաղեցնող գործարանի շինարարական աշխատանքներն սկսվել են 2008թ.: Ըստ բիզնես նախագծի, գինեգործական այս ագարակում շինարարական աշխատանքները կընթանան առաջիկա 7 տարիների ընթացքում և կներառեն կոնյակի կուպաժի և հնեցման արտադրամասերը, զբոսաշրջության կենտրոնը, այդ թվում՝ հյուրանոցային և ռեստորանային համալիրը, ազգային արվեստանոցները, գինեգործական թանգարանի կառուցման աշխատանքները: «Արմենիա վայն» ագարակն այդ ամենի արդյունքում կհիշեցնի հին հայկական բերդավան: Այդ նպատակով բոլոր շենքներն ու շինությունները զարդարվում են հայկական դասական ճարտարապետության ձեռագործ զարդաքանդակներով:
Նշվել է, որ «Արմենիա Վայն» ընկերության նպատակն է՝ վերականգնել գինեգործական ավանդույթները Հայաստանում: Գործարանի արտադրամասերը ներկայումս հագեցած են գինեգործական ամենաժամանակակից սարքավորումներով: Տեխնոլոգիական գործընթացները կատարվում են եվրոպական չափանիշներին համապատասխան: