Հայ Ազգային Կոնգրեսի հոկտեմբերի 28-ի հանրահավաքին բազմամարդ երթ է հաջորդել:
Երթը գլխավորում էր ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ երթի առաջին շարքով գնում էին Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդները, ՀԱԿ ներկայցուցիչ, «Հայկական ժամանկ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշիանյանի առաջնորդությամբ:
Երթի մասնակիցները պարբերաբար վանկարկում էին «Սերժիկ Մուբարաք», «Սերժիկ հեռացիր», «Ալիկ, խուլիգան»:
Նիկոլ Փաշինյանը երթի ընթացում բարձրախոսով քաղաքացիներին տեղեկացնում էր բանակում տիրող իրավիճակի մասին:
«Մենք պահանջում ենք, որ սերժանտական հանցագործ իշխանությունը հեռանա նաև հանուն հայոց բանակի զինվորների ազատության, որովհետև հայոց բանակի կոռումպացված գեներալիտետը չի կարողանում ապահովել հայ զինվորի բարոյական և հոգեբանական, նաև ֆիզիկական անվտանգությունը: Եվ ուրեմն` «Սեյրան ինքնասպան», նշում էր Փաշինյանը:
Վերջինս նաև կոչով դիմել է երթն ուղեկցող ոստիկաններին.
«Հարգելի ոստիկաններ: Հայ Ազգային Կոնգրեսի պայքարը չորս տարի եղել է ձեր աչքի առաջ, Հայ Ազգային Կոնգրեսը հետևողականորեն պայքարում է հանուն օրինականության, հանուն Սահմանադրության, հանուն ժողովրդավարության: Հիշեք, թե իչպիսին է լինելու Հայաստանն այն օրերին, երբ ձեր զավակները կդառնան չափահաս քաղաքացի: Հիշեք, որ այսօր դուք ստեղծում եք այնպիսի Հայաստան, որում ապրելու եք դուք և ձեր զավակները: Սիրելի ոստիկաններ, մի կատարեք ձեր հանցագործ ղեկավարների ապօրինի հրահանգները, հիշեք, դուք պարտավոր եք ծառայել ՀՀ Սահմանդրությանը, օրենքներին, ՀՀ ժողովրդին: Եվ ուրեմն ծառայեք օրինականությանը, ծառայեք ժողովրդին և դուք ձեր երեխաների համար կապահովեք ազատ և երջանիկ Հայաստան: Ծափահարենք ոստիկաններին, և ասենք` ամոթ նրանց հանցագործ ղեկավարներին, Ալիկ խուլիգան», – ասել է Նիկոլ Փաշինյանը:
Երթն ավարտվել է մեկնարկի վայրում` Ազատության հրապարկում, որտեղ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հավաքվածներին երթն անցկացնելու կապակցությամբ և ևս մեկ անգամ կոչ է արել ծափահարել այն շարքային ոստիկաններին, ովքեր ապահովել են երթի բնականոն ընթացքը: