Այս տարվա սեպտեմբերի 1-ին Ողջաբերդ գյուղի սկզբնամասում`«Չարենցի կամար» հուշարձանից մոտ 500 մ հեռավորության վրա կնոջ դիակ էր հայտնաբերվել ` պարանոցի շրջանում բռնության հետքերով: Իրավապահ մարմիններին հաջողվել էր պարզել, որ դա ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվող, Երևան քաղաքի բնակչուհի, «Մենք Մերոնցով» թերթի խմբագիր 51-ամյա Ալվարդ Աբրահամյանի դին է: Միաժամանակ անհայտ կորել էր նրա ամուսինը` Յուրի Սրապյանը: Այս մասին հաղորդում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Երեկ հայտնի է դարձել, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության աշխատակիցները բացահայտել են այդ սպանությունը, որը, սակայն, միակը չի եղել:
Երեկ Գեղարքունիքի մարզի Այրիվանք գյուղի մի կիսակառույց շենքի մոտ ոստիկանները հայտնաբերել են տղամարդու դիակ` թաղված վիճակում, որը Ալվարդ Աբրահամյանի ամուսնու`Յուրի Սրապյանի դիակն է եղել:
Ոստիկանությունը պարզել է, որ Ալվարդ Աբրահամյանն աշխատանքային ու ֆինանսական հարաբերությունների մեջ է եղել Երևանի բնակիչ, 58-ամյա Վաղարշակ Աբաջյանի հետ: Նրանց միջև տարաձայնություններ են ծագել, ինչին խառնվել է Ալվարդ Աբրահամյանի ամուսինը`Յուրի Սրապյանը:
Նշված խնդիրները պարզաբանելու նպատակով Վաղարշակ Աբաջյանն ու իր որդին` Հակոբը, Յուրի Սրապյանի հետ մեկնել են Գեղարքունիքի մարզի Այրիվանք գյուղ, որտեղ գտնվող մի կիսակառույց տարածքում փորձել են լուծել առաջացած խնդիրները: Այս տարածքում էլ հայր և որդի Սրապյանները դաժանաբար ծեծի են ենթարկել Յուրի Սրապյանին, որից հետո խեղդամահ են արել նրան և նրա վրայից հանելով հագուստ ու կոշիկները` դիակը գցել են մի փոսի մեջ, քարերով ծածկել այն, ապա հեռացել հանցագործության վայրից:
Այնուհետև հայր և որդի Աբաջյանները Երևան վերադառնալիս ճանապարհի տարբեր հատվածներում դեն են նետել Սրապյանի հագուստը և կոշիկները`հավանաբար փորձելով ալիբի ստեղծել և թաքցնել հետքերը: Արդեն Երևանում Աբաջյանները Ալվարդ Աբրահամյանին` սպանվածի կնոջը, խաբեությամբ տարել են Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի մոտ գտնվող Չարենցի կամարի մոտ, որտեղ Վաղարշակ Աբաջյանը խեղդամահ է արել կնոջը:
«Չորրորդ ինքնիշխանության» ֆոտոլրագրող Գագիկ Շամյանը հայտնել է, որ հավանաբար մեկ կամ երկու օրից քննչական մարմինը կդիմի դատարան, որպեսզի Վաղարշակ և Հակոբ Աբաջանյանների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի կալանքը: