Մանկապղծության մեջ մեղադրվող «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի գործով մեղադրող դատախազները դատարանին միջնորդել են նրա նկատմամբ որպես պատիժ սահմանել 15 տարվա ազատազրկում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ ավարտվել է Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դռնփակ դատաքննությունը, և դատախազները հանդես են եկել մեղադրական ճառով: 69-ամյա գործարարը մեղադրվում է Ախթալայի ութ անչափահաս երեխաների հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի («Սեքսուալ բնույթի բռնի գործողությունների») 2-րդ մասի 3-րդ կետով և 3-րդ մասով: Մեղադրող դատախազ Հովսեփ Սարգսյանը թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանը մեղադրական ճառը լսել է լուռ: Նա պատժի չափը լսելուց հետո ևս չի արձագանքել դրան: Նոյեմբերի 7-ին Տեր-Պողոսյանը և նրա փաստաբանները պետք է հանդես գան պաշտպանական ճառով: