Վան ժամանելուց հետո առաջին տպավորություններն ավելի դրական էին, քան բացասական: Թվում էր` թուրքական մամուլը որոշակի առումով ուռճացնում իրավիճակն աղետի գոտում: Այս մասին գրում է Epress.am-ի թղթակիցը, ով Վան է ժամանել շաբաթ օրը` կիրակնօրյա ավերիչ երկրաշարժից 6 օր անց:
«Սակայն հետզետե սկսեցի հասկանալ խնդիրները: Օգնությունը վերջին օրերին մեծ քանակով հասնում է աղետի գոտի, սակայն լուրջ խնդիրներ են առաջանում այն բաշխելու ընթացքում: Հագուստի և սնունդի բաշխման ժամանակ ավելի պրոֆեսիոնալ աշխատանքի կարիք է զգացվում, քանի որ գործընթացից բողոքները բավական շատ են: Բաշխման կետերի քանակը քիչ է, հերթը շատ մեծ:
Վանում բոլոր շենքերն այս կամ այն կերպ վնասվել են: Էրսիչի կենտրոնն ամբողջովին փլատակների տակ է հայտնվել: Մարդիկ ընդգծում են, որ հին քարի շենքերը Վանում և շրջակա գյուղերում ավելի լավ են դիմացել երկրաշարժին, քան նոր կառուցված թաղամասերը:
Փրկարարները շարունակում են մաքրել փլատակները, սակայն արդեն հույս չկա, որ դրանց տակից հանրավոր է կենդանի մարդկանց գտնել:
Վերջին երկու օրերի լրջագույն խնդիրը ցուրտ եղանակն է: Գիշերը զրո է, ցերեկը ջերմաստիճանը դրանից աննշան է բարձրանում: Վան բերված վրանների մի մասն ամառային են, և դրանք հնարավոր չէ օգտագործել տվյալ եղանակային պայմաններում:
Բժիշկները, որոնց հետ ես խոսեցի, վախենում են համաճարակներից:
Չնայած Վան նոր եկած մարդու մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ կյանքը սկսում է հունի մեջ մտնել, դա այդքան էլ այդպես չէ: Մարդիկ վախեցած են, նրանք չեն վերադառնում իրենց շենքերը և շարունակում են վրանների մեջ ապրել: Շատերը լքել են քաղաքը: Գիշերը փողոցներում և շենքերում լույսեր չեն վառվում, Վանն այժմ քաղաք ուրվականի է վերածվել:
Բազմաթիվ զրույցներից հետո կարող եմ փաստել, որ Վանում մարդիկ չեն հավատում կառավարությանը: Չեն հավատում անգամ տեղի քուրդ քաղաքական գործիչներին (Վանը հիմնականում քրդերով է բնակեցված – խմբ.):
Նրանք սպասում են երաշխիքների առ այն, որ պետությունն իր վրա կվերցնի քաղաքն արագ վերականգնելու պարտականությունը:
«Մենք 15 տարի հետ գնացինք», – ինձ ասաց մեր հյուրանոցի սեփականատերը: Դա այսօրվա Վանում հաճախ հնչողգնահատական է», – պատմում է Epress.am-ի թղթակիցը:
Լուսանկարը` Reuters